Մատչելիության հղումներ

Դաշնակցության ղեկավար անդամի պնդմամբ` ընդդիմությունը մերժում է իշխանությունների բոլոր առաջարկությունները


Անցած շաբաթ Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ վերընտրված Արմեն Ռուստամյանի պնդմամբ` իշխանությունները պատրաստ են երկխոսության, բայց «ընդդիմությունը մերժում է բոլոր առաջարկները»:

Ընդդիմության հիմնական նախապայմաններից մեկը ձերբակալվա քաղաքական գործիչներին ազատ արձակելն է: Մոտ մեկ տասնամյակ առաջ որոշ դաշնակցականներ ձերբակալվել էին իշխանությունը զավթելու կոչերի հետ կապված քրեական հոդվածով, եւ շատերի կողմից համարվում էին քաղաքական բանտարկյալներ:

Նախագահական ընտրություններին հետեւած զարգացումների արդյունքում նույն` իշխանությունը զավթելու կոչերի հոդվածով ձերբակալվածերի կապակցությամբ Ռուստամյանը ասաց. - «Այս հարցը շատ սուր հարց է… Եվրախորհրդի բանաձեւն էլ ասում է, որ բանտարկյալների առկայությունը դժվարացնում է երկխոսության հարցը: Բայց գնահատել քաղբանտարկյալ է, թե ոչ, այն հինգ չափանիշներով պետք է կատարվի, որ Եվրախորհրդի կողմից մշակված, հստակեցված եւ արդեն իսկ փորձարկված չափանիշներն են»:

«Կան հոդվածներ, որոնք, ի վերջո, իրենց մեջ մոտիվացիայի իմաստով քաղաքական երանգավորում ունեն: Չնայած այդ հոդվածները Քրեական օրենսգրքի մեջ են` նույն 300 հոդվածը», - հավելեց Ռուստամյանը:

Ռուստամյանը համարում է, որ նման հոդվածների դեպքում պետությունը պետք է ներողամիտ լինի, եւ, ասենք, համաներման միջոցով լուծի խնդիրը:

Արմեն Ռուսմանյանը այսօր վերահնչեցրեց Դաշնակցության տեսակետը, որ կուսակցությունը դեմ չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բայց «Ցեղասպանության խնդիրը չպետք է դառնա սակարկության առարկա»:

Դաշնակցությունը դեմ է այն բանին, որ Թուրքիան «ուզում է պատրանք ստեղծել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ». - «Օրինակ, նույն հրավերը: Նախագահ է, նախագահին հրավիրել է, դրանում արտառոց բան չեմ տեսնում: Բայց, դա չպիտի ստեղծի պատրանք, որ մենք խնդիր չունենք. եկանք, իրար հետ ֆուտբոլ նայեցինք, ավարտվեց-գնաց»:

Ռուստամյանը հայտարարեց, որ եթե Գոյւլը գա Հայաստան` ֆուտբոլային հանդիպումը դիտելու, անկախ այն բանից, որ հրավիրողը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է, Դաշնակցությունը բողոքի ակցիաներ է կազմակերպելու:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG