Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը մարտի 1-2-ի դեպքերի քննության ընթացքում կեղծ ցուցմունքներ կորզելու մասին ահազանգեր է ստանում


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին հասցեագրվում են դիմումներ, որոնց հեղինակները հայտնում են, որ մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահ մարմինները ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների միջոցով իրենցից կորզում են կեղծ ցուցմունքներ` այլ անձանց վերաբերյալ:

Օմբուդսմենի գրասենյակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն` Արմեն Հարությունյանը մտահոգություն է հայտնում նշված երեւույթի վերաբերյալ եւ կոչ է անում իրավապահ մարմիններին` իրենց գործունեությունը իրականացնելիս խստորեն պահպանել օրենքով նախատեսված պահանջները:

Մասնավորապես, նման մի դիմումի վրա` ստացված քաղաքացի Գագիկ Ավդալյանից, մարդու իրավունքների պաշտպանը հրավիրել է Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի ուշադրությունը:

«Գագիկ Ավդալյանը հայտնել է, որ Հատուկ քննչական ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները ֆիզիկական եւ հոգեկան ճնշում գործադրելով՝ իրենից կորզել են կեղծ ցուցմունքներ [հետընտրական իրադարձությունների կապակցությամբ կալանավորված Ազգային ժողովի պատգամավոր] Մյասնիկ Մալխասյանի եւ մի շարք այլ քաղաքացիների նկատմամբ: Ըստ դիմումատուի՝ ծեծի արդյունքում ստացել է լուրջ վնասվածքներ: Հայտնել է նաեւ, որ ցուցմունքները գրել է թելադրանքով եւ հարկադրանքի միջոցով ու դրանք դատարանում չպետք է դիտվեն որպես հիմնավոր ապացույցներ: Դիմումատուն նշել է, որ չի բնակվում իր տանը, քանի որ վախենում է հետագա հետապնդումներից», - ոստիկանապետին եւ Հատուկ քննչական ծառայության պետին գրել է Արմեն Հարությունյանը` խնդրելով ստուգել դիմումում նշված փաստերի համապատասխանությունը իրականությանը եւ դրանց հաստատվելու դեպքում միջոցներ ձեռնարկել մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ինչպես նաեւ՝ միջոցներ ձեռնարկել Ավդալյանի անվտանգությունը ապահովելու եւ նրան հետագա ճնշումներից զերծ պահելու համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG