Մատչելիության հղումներ

Կուբայում ռուսական ռմբակոծիչներ տեղակայելը՝ «կարմիր գծի հատում»


ԱՄՆ-ում խիստ անհանգստացած են Կուբայում ռազմավարական նշանակության ռմբակոծիչներ տեղակայելու Մոսկվայի մտադրությամբ:

«Ռուսներին հարկ է բացատրել, որ նման բան չանեն, մենք պետք է պարզ եւ հստակ ասենք, որ դա կլինի ԱՄՆ-ի հետ հարաբերություններում «կարմիր գծի» հատում», - DPA գործակալության փոխանցմամբ, ասել է նախագահ Ջորջ Բուշի հրամանով ԱՄՆ-ի օդային ուժերի հրամանատար նշանակված գեներալ Նորթոն Շվարցը:

Շաբաթասկզբին ռուսաստանյան մամուլում հրապարակվել են հոդվածներ այն մասին, որ ի պատասխան Չեխիայում եւ Լեհաստանում հակահրթիռային համակարգի բաղկացուցիչներ տեղադրելու ԱՄՆ-ի ծրագրի, Մոսկվան քննարկում է Կուբայի ուղղությամբ ռմբակոծիչների թռիչքները եւ դրանք այդ երկրի տարածքում տեղակայելու` «սառը պատերազմի» ժամանակաշրջանի գործելակերպը վերականգնելու հնարավորությունը:

«Այս պահին դրա շուրջ կան սոսկ մտորումներ, սակայն դա բնավ չի նշանակում, որ որեւէ կոնկրետ բան այդ հարցում չկա», - գրել է Մոսկվայում լույս տեսնող ամենաազդեցիկ օրաթերթերից մեկը՝ «Իզվեստիա»-ն:

Սպիտակ տունը չի մեկնաբանել թեման, սակայն մամլո խոսնակ Դանա Փերինոն հերթական անգամ հայտարարել է, որ «Չեխիայում եւ Լեհաստանում համալիր տեղադրելը չի սպառնում Ռուսաստանին»: ԱՄՆ-ը հավաստիացնում է, որ Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգը կոչված կլինի վնասազերծել «վտարյալ երկրների» տարածքից, մասնավորապես, Իրանից արձակված հրթիռները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG