Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Գայանե Աշուղյանի հայցը


Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայքէջում տեղադրված հաղորդագրության, դատարանը գրեթե ամբողջությամբ բավարարել է 42-ամյա Գայանե Աշուղյանի հայցադիմումի պահանջը:

Հայցադիմումում նշված էր, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներում ամրագրված իրավունքները` կարծիք արտահայտելու ազատության, արդարացի դատաքննության, ժողովների եւ միավորումների ազատության, ինչպես նաեւ դատավճիռը բողոքարկելու իրավունքները: Եվրադատարանը չի բավարարել միայն դիմումատուի բողոքը ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման վերաբերյալ:

Գայանե Աշուղյանը եւ նրա ներկայացուցիչ Նորիկ Եղիազարյանը նյութական կամ բարոյական փոխհատուցման վերաբերյալ որեւէ պահանջ չեն ներկայացրել:

Բողոքը Եվրոպական դատարան ներկայացվել էր 2003 թվականի հոկտեմբերին:

Գայանե Աշուղյանը, ով այսօր էլ ակտիվորեն մասնակցում է ընդդիմության հանրահավաքներին եւ բողոքի ակցիաներին, աշխատում է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունում: Երեք երեխաների մայր է:

Գայանեին առաջին անգամ վարչական պատասխանատվության են ենթարկել 2003-ի ապրիլի 7-ին կանանց երթին մասնակցելու համար: Երկու օր անց` ապրիլի 9-ին, նախագահ Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության օրը, Գայանեն կրկին մասնակցել է ընդդիմության երթին` կրկին ենթարկվելով վարչական պատասխանատվության (5-օրյա կալանք):

Եվրադատարանը, ի դեպ, իր որոշման մեջ զուգահեռներ է անցկացնում Գայանե Աշուղյանի եւ Արշամ Գալստյանի գործերի միջեւ: Արշամ Գալստյանի գործով վերջերս կայացված որոշմամբ Եվրադատարանը Հայաստանի Հանրապետությանը 3000 եվրո տուգանք նշանակեց:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG