Մատչելիության հղումներ

Շաբաթ օրը Ժնեւում մի սեղանի շուրջ կնստեն ԱՄՆ-ի եւ Իրանի բարձրաստիճան դիվանագետները


Վաշինգտոնը վճռել է մասնակցել շաբաթ օրը Ժնեւում նախատեսված միջազգային խորհրդաժողովին, որի օրակարգում Իրանի վիճահարույց միջուկային խնդիրն է: Այդ նպատակով Ժնեւ է մեկնելու պետական դեպարտամենտի երրորդ բարձրաստիճան պաշտոնյան՝ պետական քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բարնզը:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բերնար Կուշները ողջունել է Վաշինգտոնի այդ որոշումը` հավելելով, որ, այնուամենայնիվ, կայալնիք հանդիպումից «մեծ ակնկալիքներ չունի»:

Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին նույնպես դրական է գնահատել այդ որոշումը:

Ժնեւյան հանդիպման ընթացքում միջուկային ծրագրի վերաբերյալ պարզաբանումներ է տալու Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայեդ Ջալիլին:

Հանդիպումը, որին ներկա կլինեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Գերմանիայի եւ Եվրամիության բարձրաստիճան դիվանագետները, նախագահելու է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով պատասխանատու Խավիեր Սոլանան:

«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, Ուիլյամ Բարնզի եւ Սայեդ Ջալիլիի միջեւ անմիջական բանակցություններ նախատեսված չեն:

ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը այսօր Վաշինգտոնում ասել է, որ Ժնեում կայանալիք քննարկումներին ամերիկացի դիվանագետի ներկայությունը վկայում է Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու հարցում միջազգային համայնքի որդեգրած միասնական դիրքորոշման մասին:

«Ռոյթերզ»-ի հաղորդագրության համաձայն, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը հրաժարվել է հաստատել կամ հերքել լուրը, որի համաձայն, Վաշինգտոնը մտադիր է 30 տարվա բացակայությունից հետո դիվանագիտական ներկայություն ապահովել Թեհրանում:

«Գարդիան» բրիտանական օրաթերթը, վկայակոչելով մի անանուն աղբյուր, գրել է, թե հաջորդ ամսվա ընթացքում Վաշինգտոնը կհաղորդի Թեհրանում «ԱՄՆ-ի շահերի բաժին» ստեղծելու մասին, ինչը կարող է լինել առաջին քայլը դեսպանատուն բացելու ուղղությամբ:

Վաշինգտոնը եւ Թեհրանը խզել են դիվանագիտական կապերը 1979 թվականին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG