Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Դենիել Ֆրիդի, Մեթյու Բրայզայի եւ ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ


Հայաստանում հետընտրական զարգացումների պատճառների եւ հետեւանքների, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին են մտքեր փոխանակել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը երեկ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ:

Նալբանդյանը եւ Ֆրիդը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի հարցերը, անդրադարձել տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հետ կապված խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:


Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային, որի հետ քննության են առնվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի մանրամասները, համանախագահների տարածաշրջան վերջին այցելության արդյունքները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման հնարավորությունը:

Խոսելով բանակցությունների շարունակման հեռանկարի մասին` Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչեցվող Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունները եւ ռազմատենչ քարոզչությունը արժանի գնահատական չեն ստանում միջազգային հանրության կողմից, ինչը զգալիորեն բարդացնում է բանակցային գործընթացում փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորումը:

Չորքեշաբթի օրը Հայաստանի արտգործնախարարը առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների` Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի, Ամերիկայի հայկական համագումարի եւ Ամերիկա-հայկական հասարակական հարաբերությունների կոմիտեի ղեկավարների հետ, որոնց ներկայացրել է Սփյուռքի հետ համագործակցության եւ փոխադարձ աջակցության վերաբերյալ Հայաստանի կառավարության ծրագրերը, տեղեկացրել ԱԳՆ-ի կազմում գործող Սփյուռքի կոմիտեի գործունեության առաջիկա ծրագրերի եւ Սփյուռքի հարցերով նախարարության կազմավորման նպատակների ու հեռանկարների մասին:


(Լուսանկարը` արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG