Մատչելիության հղումներ

Հաստատվեց բջջային կապի երրորդ օպերատորի մրցույթի փաստաթղթերի փաթեթը


Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատել է Հայաստանի Հանրապետության շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի կազմակերպման փաստաթղթերի փաթեթը:

Փաթեթը ներառում է նաեւ մրցույթի կազմակերպման կանոնները, բջջային կապի երրորդ օպերատորի լիցենզիայի, ռադիոհաճախականությունների օգտագործման եւ համարների զբաղեցման թույլտվությունների նմուշները:

«Երրորդ բջջային օպերատորի մուտքը կկարողանա մրցակցությունը դարձնել է'լ ավելի որակյալ, եւ ակնկալում ենք, որ կունենանք ե’ւ ծառայությունների որակի լավացում, ե’ւ սակագների նվազեցում այս բնագավառում», - ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: - «Ամենապարզ տրամաբանությունն է հուշում այդ մասին, որովհետեւ երրորդ բջջային օպերատորը պետք է կարողանա իր մրցակցությունը ապահովել, որպեսզի ներգրավի բաժանորդներ` նախեւառաջ որակյալ ծառայություններ մատուցելով եւ սակագների որոշակի նվազեցում ապահովելով»:

Նազարյանը փոխանցեց նաեւ, որ մրցույթի նախաորակավորման փուլը անցնելու համար հավակնորդ ընկերությունը պետք է ունենա համապատասխան ծառայությունների մատուցման փորձ եւ ներկայացնի բանկային տեղեկանք, որով կհավաստի, որ հնարավորություն ունի ներդնել մոտ 200 միլիոն եվրո:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG