Մատչելիության հղումներ

Լույս է տեսել Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներն ամփոփող գիրք


«Տիգրան Մեծ» հրատարակչությունը լույս է ընծայել «Հայաստան 1998-2007» խորագրով գիրքը, որը Ռոբերտ Քոչարյանի` որպես Հայաստանի նախագահ պաշտոնավարման 10 տարիների ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփումն է:

«Համոզված ենք, որ Հայաստանի քաղաքական ու տնտեսական կյանքի վերջին 10 տարիների մասին դեռ բազմաթիվ գրքեր են գրվելու», - ներածականում նշել են գրքի կազմողները` հավելելով, թե հնարավոր է, որ «երկրորդ նախագահը հետագայում նպատակահարմար համարի հասարակությանը ներկայանալ նոր` ավելի ամբողջական հրապարակումներով»:

Կազմողների անունները նշված չեն: Նշված է սոսկ խմբագրի` նախագահի աշխատակազմի արձանագրությունների վարչության պետ Արտակ Վարդանյանի անունը:

1500 տպաքանակով լույս տեսած գիրքը գրախանութներում հայտնվել է այսօր: Այն վաճառվում է 7 հազար 500 դրամով:

«Շուտով լույս կտեսնի մի գիրք, որտեղ հավաքված են իմ նախագահության ժամանակահատվածին վերաբերող փաստացի նյութեր: Դա լինելու է զուտ վիճակագրություն, առանց զգացմունքների: Այնտեղ կան իմ աշխատանքի արդյունավետությանը վերաբերող բոլոր հարցերի պատասխանները: Զարգացման այսպիսի տեմպերով կարող է հպարտանալ ցանկացած երկիր եւ ցանկացած նախագահ», - անցած շաբաթ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր Ռոբերտ Քոչարյանը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG