Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը հետամուտ է լինելու ԱՄՆ-ի հետ համագործակցության սերտացմանը»


Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը եւ հետամուտ է լինելու երկու երկրների բարեկամական գործընկերության զարգացմանն ու ամրապնդմանը եւ համագործակցության սերտացմանը: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` երկուշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպելով ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ:

Հայաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունը եւ ավանդույթները, առկա իրավա-պայմանագրային դաշտը, համագործակցության ընդլայնման ուղղությամբ քաղաքական կամքի դրսեւորումը հնարավորություն են ընձեռում առավել զարգացնելու տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունները:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ամերիկյան կառավարության կողմից Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված ծրագրերը, Հայաստանի անկախությունից ի վեր Միացյալ Նահանգների կողմից հատկացված մոտ 1.9 միլիարդ դոլարի հասնող աջակցությունը:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները` նշելով, որ խնդիրը կարող է լուծվել միմիայն խաղաղ բանակցությունների միջոցով, որոնք ընթանում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում: Երկուստեք բարձր գնահատական է տրվել Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին, կարեւորվել է բանակցությունների շարունակումը 2007 թվականի մադրիդյան առաջարկությունների հիման վրա, որոնք հնարավորություն են ստեղծում առաջընթաց արձանագրել խաղաղ գործընթացում:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին` Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ, ինչպես նաեւ տեղեկացրել է այդ ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաեւ Սենատի կողմից Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածության հաստատման գործընթացին: Նալբանդյանը հույս է հայտնել, որ նոր դեսպանի թեկնածությունը շուտով կհաստատվի, եւ նա կժամանի Հայաստան, ինչը դրական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման գործում:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանը եւ Քոնդոլիզա Ռայսը ստորագրել են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների միջեւ «Միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագիրը»:

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ-ի նախագահի օգնական, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ, դեսպան Ջեյմս Ջեֆրիի հետ:

Քննարկվել են անվտանգության բնագավառում Հայաստանի եւ ԱՄՆ-ի գործակցությանը, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին, տարածաշրջանում անվտանգության ապահովման, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:

Երկուշաբթի օրը Հայաստանի արտգործնախարարը հյուրընկալվել է ԱՄՆ-ի Կոնգրեսում, ուր տեղի է ունեցել հանդիպում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի հետ:

Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ամերիկյան Կոնգրեսի դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործընթացում եւ այն ուշադրությունը, որ տարիների ընթացքում դրսեւորել են ԱՄՆ-ի Սենատն ու Ներկայացուցիչների պալատը Հայաստանին վերաբերող խնդիրների նկատմամբ:

Նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերյալ:


(Լուսանկարը` արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG