Մատչելիության հղումներ

Մյասնիկ Մալխասյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկուշաբթի օրը մերժել է Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի նկատմամբ իբրեւ խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Մալխասյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը:

«Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության» ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի մեկնաբանությամբ` «դատարանի որոշումն ապօրինի է»:

«Ցանկացած պարագայում, երբ երկարացվում է խափանման միջոցը, նախաքննական մարմինը պետք է ապացուցի, որ կարողացել է հավաքել ապացույցներ: Սակայն հետո պարզվում է, որ նախաքննական մարմինը որեւէ գործողություն չի կատարել: Այդ դեպքում առաջանում է խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու անհրաժեշտություն», - նշեց Խաչատրյանը:

Մյասնիկ Մալխասյանը կալանավորվել է հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երրորդ մասի` «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպում», եւ 300 հոդվածի առաջին մասի` «իշխանության յուրացում», հատկանիշներով:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG