Մատչելիության հղումներ

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» հինգերորդ կինոփառատոնը


Ազգային պատկերասրահում բացվեց եւ կինոփառատոնի ընթացքում գործելու է Միքելանջելո Անտոնիոնիի լուսանկարների ցուցահանդեսը, որոնց հեղինակն է Պիերո Մարսիլին:

«Դրանք եզակի եւ բացառիկ կադրեր են մեծ վարպետի կյանքից», - ասաց Մարսիլին, - «Ինչպես հայտնի է` ռեժիսորը չէր սիրում լուսանկարվել»:

Լուսանկարների հետ ներկայացված են նաեւ Անտոնիոնիի գեղանկարչական աշխատանքները: Ռեժիսորը դրանք ստեղծել է իր «լռության» տարիներին` 1985 թվականին տարած կաթվածից հետո, երբ գրեթե կորցրեց խոսելու ունակությունը, եւ քանի որ անկարող էր ֆիլմեր նկարահանել, ձախ ձեռքով նկարել սովորեց:

«Նկարելը կարծես լցրեց աշխարհի հետ լեզվական հաղորդակցության նրա պակասը, չնայած գույների հետ նրա բարեկամությունը սկսվել է առաջին գունավոր ֆիլմը` «Կարմիր անապատը» նկարելուց ի վեր», - ասաց ռեժիսորի կինը` Էնրիկա Անտոնիոնին:

Ցուցահանդեսի բացումից հետո Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ ավանդական ծիրանօրհնեքը, իսկ երեկոյան հանդիսավոր արարողությունից հետո ցուցադրվեց փառատոնի բացման ֆիլմը` Ռոման Բալայանի «Դրախտի թռչունները»:

«Ոսկե ծիրան» փառատոնն արդեն թափ է հավաքում: Ամբողջ շաբաթ թե’ հայ, թե’ օտարազգի ռեժիսորների ֆիլմերը ցուցադրվելու են «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում, Տիկնիկային թատրոնում, Նարեկացի արվեստի միությունում եւ Թատերական գործիչների միությունում:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG