Մատչելիության հղումներ

ՀՀՇ-ի Հրազդանի կառույցի ղեկավարը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման


Երեւանի քրեական դատարանը` դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, այսօր 6 տարվա ազատազրկման դատապարտեց Հայոց համազգային շարժում կուսակցության Հրազդան քաղաքի կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանին:

Բարեղամյանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, որոնցից մեկով` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու մասով, արդարացվեց հանցակազմի բացակայության պատճառով, եւ մեղավոր ճանաչվեց իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ անձի առողջությանը վնաս պատճառելու մեջ:

Մեղադրող կողմը Բարեղամյանի համար պահանջել էր 8 տարվա ազատազրկում: Գործով մեղադրողներ Զելիմ Թադեւոսյանը եւ Արմեն Բոշնաղյանը դատարանի դահլիճում չէին:

Արամ Բարեղամյանի դատապաշտպան Հարություն Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանին կարծիք հայտնեց, թե դատավորը «տեղի տվեց քաղաքական կոնյունկտուրային եւ հրապարակեց դատավճիռ, որը միայն քաղաքական պատվերի շրջանակներում էր հնարավոր իրականացնել, չկարողացավ դիմակայել այն քաղաքական բիրտ ուժին, որը ստիպում է բացահայտ անմեղ մարդկանց դատապարտել 6 տարվա ազատազրկման»:

Բաղդասարյանի հավաստմամբ` դատավճիռը բողոքարկվելու է. - «Սույն գործով ոչ միայն 6 տարի, 6 ամիս, նույնիսկ 6 օր դատապարտելը գտնում եմ անհիմն: Արամ Բարեղամյանը անմեղ է: Արամ Բարեղամյանի նկատմամբ իրականացվել է քաղաքական հետապնդում»:

Դատապաշտպանի պնդմամբ` դատարանը չի ապացուցել հանցակազմը, չի պարզել, թե ում նկատմամբ է կատարել հանցագործություն Բարեղամյանը, չեն պարզվել իր պաշտպանյալին վերագրվող հանցանքի կատարման վայրը եւ շարժառիթները:

Հարություն Բաղդասարյանն ընդգծեց, որ Բարեղամյանին մեղադրանք է առաջադրվել միայն մեկ ոստիկանի ցուցմունքներով, մինչդեռ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1620 բանաձեւի համաձայն` «ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես մեկ ոստիկանի ցուցմունքի վրա` առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցների»:

Դատապաշտպանը այս դատավճռի վրա հրավիրեց եռօրյա այցով Հայաստանում գտնվող Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի ուշադրությունը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG