Մատչելիության հղումներ

Թոմաս Համմարբերգը մտահոգված է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմության չմասնակցելու փաստով


Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն այսօր Ազգային ժողովում հանդիպեց մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամներին:

Հանդիպումից հետո պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իր կարծիքով` որքանո՞վ օբյեկտիվ կարող է հանձնաժողովն աշխատել առանց ընդդիմության, Թոմաս Համմարբերգը հայտնեց, որ այդ հարցը բարձրացրել է հանդիպման ժամանակ, սակայն բոլոր հարցերին ավելի մանրամասն կանդրադառնա վաղը կայանալիք ասուլիսի ժամանակ:

Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք էլ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպման ժամանակ կարեւորել են հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմության մասնակցությունը:

«Իր մոտ, իհարկե, այդ մտահոգությունը կա, եւ նորից մենք կարեւորելով այդ հարցը` ընդդիմության մասնակցությունը, դիմեցինք իրեն, որ ինքը նրանց եւս մեկ անգամ հորդորի, որպեսզի մասնակցեն մեր աշխատանքներին, այդ հարցում նաեւ աջակցի», - ասաց Սամվել Նիկոյանը:

Հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո Թոմաս Համմարբերգը հանդիպեց նաեւ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է ընդդիմության տեսակետները` մասնավորապես, որ «Ժառանգություն»-ը փորձել է իր նպաստը բերել հանձնաժողովի աշխատանքներին, սակայն իրենց բոլոր առաջարկները հանձնաժողովի ձեւավորման հարցում մերժվել են:

«Մենք նման իրավիճակներում չենք կարող դեռեւս մասնակցություն բերել այդ հանձնաժողովի աշխատանքներին, որովհետեւ խորհրդարանական մեծամասնությունը առաջին հերթին փորձում է իր ձեռքում պահել որոշումների ընդունման մեխանիզմը, իսկ դա չի կարող վստահություն ներշնչել թե’ մեզ, թե’ նաեւ արտախորհրդարանական ընդդիմությանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սա?ֆարյանը:

Ինչ վերաբերում է մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված քրեական գործերին եւ դատավարություններին, ապա, «Ժառանգություն» խմբակցության քարտուղարի խոսքերով, «շարունակում են ոստիկանների ցուցմունքներով դատապարտվել, եւ ընդհանրապես` մեղադրանքներ հյուսվել քաղաքական ակտիվիստների նկատմամբ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG