Մատչելիության հղումներ

Միջերկրածովյան տարածաշրջանի երկրների ղեկավարները հանդիպում են Փարիզում


Այսօր միջերկրածովյան տարածաշրջանի ավելի քան 40 պետությունների նախագահները, վարչապետներն ու արտգործնախարարները կմասնակցեն Ելիսեյան Դաշտերում կազմակերպված զորահանդեսին, որը նվիրված է Ֆրանսիայի ազգային տոնին` Բաստիլի գրավման օրվան: Հարավային Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի պետությունները ներկայացնող պատվիրակությունները Փարիզում են Միջերկրածովյան միության հիմնադիր գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Միության ստեղծման գաղափարը Եվրամիության նախագահությունը ստանձնած Ֆրանսիայի նախագահինն է: Նիկոլա Սարկոզին երեկ արդեն նշում էր, թե Միջերկրածովյան միությունն իր ստեղծման առաջին իսկ օրը լուրջ ձեռքբերումներ արձանագրեց:

«Միջերկրածովյան միությունը այն հնարավորությունն է, որից մենք օգտվեցինք երեկ, երբ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում լուրջ առաջընթացի հասան Lիբանանն ու Սիրիան», - կիրակի օրը ասել է Սարկոզին: - «Սա Ֆրանսիայի համար պատմական քայլ է, քանի որ [Սիրիայի] նախագահ [Բաշար] Ասադը համաձայնեց դեսպանություն բացել Բեյրութում, իսկ Դամասկոսում կսկսի գործել Lիբանանի դեսպանատունը»:

40-ականներից ի վեր, երբ անկախացան Սիրիան ու Lիբանանը, երկու պետությունների միջեւ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ այդպես էլ չէին հաստատվել: Սիրիան Բեյրութում դեսպանություն չբացեց անգամ այն տարիներին, երբ Lիբանանում էին տեղակայված սիրական բանակի ստորաբաժանումները: Դամասկոսի նման պահվածքը շատերը միջազգային ասպարեզում ընկալում էին որպես Lիբանանի անկախ կարգավիճակը կասկածի տակ դնելուն միտված քայլ:

Փարիզյան գագաթնաժողովի եւս մեկ արդյունքը Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր զարգացումներն են: Համաժողովի ընթացքում Նիկոլա Սարկոզին իր սիրիացի պաշտոնակցին խնդրեց միջնորդի դեր ստանձնել միջազգային հանրության եւ Թեհրանի միջեւ:

«Նախագահ Սարկոզին խնդրել է մեզ որոշակի դերակատարություն ունենալ այս հարցում: Մենք նախկինում էլ արտահայտում էինք մեր տեսակետը, բայց այժմ մեզ խնդրել են բանակցել Իրանի ղեկավարության հետ: Նշեմ նաեւ, որ Դամասկոսում հակված են այն տեսակետին, որ Իրանը ռազմական նպատակներին ծառայող ատոմային ծրագիր չունի: Ավելին, Սիրիան դեմ է զանգվածային ոչնչացման որեւէ զինատեսակի առկայությանը Մերձավոր Արեւելքում», - հայտարարել է Բաշար Ասադը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG