Մատչելիության հղումներ

Վրաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես բողոք է ներկայացրել Ռուսաստանին


Վրաստանի արտաքին գործերի նախարար Էկատերինե Տկեշելաշվիլին երեկ հաղորդել է, որ ետ է կանչել Վրաստանի դեսպան Էրոսի Կիցմարաշվիլիին Ռուսաստանի Դաշնությունից:

Նախարարի հայտարարությունից քիչ անց, «Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Վրաստանի արտգործնախարարությունը պաշտոնական նամակ է փոխանցել Ռուսաստանին` բողոք հայտնելով Վրաստանի օդային տարածք ռուսական մարտական ինքնաթիռների ներխուժման կապակցությամբ:

Արտգործնախարար Տկեշելաշվիլին ասել է, որ Վրաստանը «կիրառելու է կոշտ ագրեսիվ քայլեր, որոնք համարժեք կլինեն Ռուսաստանի քայլերին»:

ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը երեկ Թբիլիսիում ասել է, որ անհրաժեշտ է միջազգային մակարդակով գործադրել առավել ընդարձակ ջանքեր Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները կարգավորելու համար:

Ռայսի խոսքով` հարկ է գումարել «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին առընթեր Վրաստանի բարեկամների խմբի» ոչ պաշտոնական հանդիպում եւ քննարկել այդ խնդիրները: Խմբի կազմում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի դիվանագետները:

Քոնդոլիզա Ռայսին ուղեկցող պաշտոնյաները Թբիլիսիում ասել են, որ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ մեկ ամսվա ընթացքում: Նրանց խոսքերով, նպատակահարմար է, որ հանդիպմանը ներկա լինեն նաեւ Վրաստանի եւ Աբխազիայի բարձրաստիճան պաշտոնյաները:

Frankfurter Allgemeine գերմանական պարբերականի փոխանցմամբ` Գերմանիան մշակել է Աբխազիայի խնդրի կարգավորման եռափուլ ծրագիր, որը այսօրվա դրությամբ համաձայնեցված է միայն Քոնդոլիզա Ռայսի հետ եւ որեւէ կերպ չի առնչվում ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցությանը:

Ենթադրվում է, որ առաջին փուլում Վրաստանը պարտավորվելու է ուժ չկիրառել, իսկ Աբխազիան՝ չխոչընդոտել շուրջ 250 հազար վրաց փախստականների վերադարձը: Այդ փուլը, ենթադրաբար, կտեւի մինչեւ հաջորդ տարվա վերջը:

Երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել համատեղ ծրագրեր պատերազմական գործողությունների հասցրած նյութական վնասները վերացնելու եւ տարածաշրջանը զարգացնելու համար:

Գերմանացի դիվանագետների համոզմամբ` Աբխազիայի քաղաքական կարգավիճակի հարցը պետք է լուծել միայն երրորդ փուլում:

Մինչդեռ, «Ռոյթերզ»-ը հաղորդում է, որ Ռուսաստանը մտադիր է մերժել ռուս - վրացական հարաբերությունների բարելավմանը նպաստելու ԱՄՆ-ի հնարավոր մասնակցությունը:

«Մենք որեւէ մեկի միջնորդության կարիքը չենք զգում, մենք Վրաստանի հետ ունենք ուղիղ շփումներ, եւ դրանք շարունակվում են», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանն ասել է մի ռուսաստանցի դիվանագետ` խնդրելով չհրապարակել իր անունը:

Նախօրեին Թբիլիսիում խոսելով Ռուսաստանի դերակատարության մասին` Քոնդոլիզա Ռայսն ասել է, որ Մոսկվան պետք է ոչ թե խոչընդոտի, այլ նպաստի Վրաստանի տարածքում առկա հակամարտությունների կարգավորմանը:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ Վաշինգտոնը քննադատել է անջատողական տարածքների հետ կիսապաշտոնական կապեր հաստատելու մասին ապրիլին Մոսկվայի ընդունած որոշումը:

«Ռուսաստանը մտադիր չէ չեղյալ հայտարարել իր որոշումները Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ», - «Ինտերֆաքս»-ին ասել է վերը նշված ռուսաստանցի դիվանագետը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG