Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների 37 տոկոսը համոզված է, որ Օսմանյան կայսրությունում իրականացվել է հայերի ոչնչացման ծրագրված քաղաքականություն


Ըստ մոսկովյան «Լեւադա» կենտրոնի հրապարակած տվյալների, Ռուսաստանցիների 37 տոկոսը համոզված է, որ 1914-23 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացման ծրագրված քաղաքականություն է իրականացվել:

Եթե հավատանք ռուսաստանյան ամենահեղինակավոր սոցիոլոգիական ծառայություններից մեկի հարցման արդյունքներին, ապա, Ռուսաստանի բնակիչների 13 տոկոսի համոզմամբ, հայերի ցեղասպանության մասին տեղեկությունները զգալիորեն չափազանցված են:

Ռուսաստանցիների 33 տոկոսը ընդհանրապես չի լսել Հայոց ցեղասպանության մասին, 17 տոկոսը որեւէ հստակ տեսակետ այս առթիվ չի արտահայտում:

Օրերս հրապարակված այս արդյունքները «Lեւադա» կենտրոնի մասնագետները ստացել են 2007 թվականին անցկացված հետազոտությունների ընթացքում:

Այժմ` արդեն ի մի բերելով դրանց արդյունքները, մասնագետները նախեւառաջ արձանագրում են, որ ազգայնական տրամադրությունները Ռուսաստանում աճի միտում ունեն:

Հարցին, թե արդյոք օտարազգիների նկատմամբ ատելություն տածող ռուսաստանցիների թիվը վերջին 5-6 տարիներին աճել է, 2006-ի նոյեմբերին դրական էր պատասխանել հարցվածների 47, իսկ 2007-ի տարվերջին` արդեն 55 տոկոսը:

«Ռուսաստանը` ռուսների համար» գաղափարը լիովին կամ մասամբ պաշտպանում է ռուսաստանցիների 50 տոկոսը: Ռուսաստանցիների 26 տոկոսը, ըստ հարցման արդյունքների, այս գաղափարը համարում է վտանգավոր` բնութագրելով այն որպես «անթաքույց ֆաշիզմի դրսեւորում»:

«Իրենց հետ միեւնույն շրջանում ապրող կովկասցիների ու միջինասիացիների նկատմամբ համակրանք կամ հարգանք է տածում ռուսաստանցիների 11 տոկոսը միայն», - նշում են մոսկվացի սոցիոլոգները:

Ինչ վերաբերում է կոնկրետ ազգություններին, ապա ռուսներն ամենաշատը չեն սիրում գնչուներին, չեչեններին ու ադրբեջանցիներին: Գնչուներին չի վստահում, չի սիրում կամ ատում է Ռուսաստանի բնակչության 43, չեչեններին` 39, իսկ ադրբեջանցիներին` 25 տոկոսը:

Lեւադայի կենտրոնի մասնագետները փորձել են հստակեցնել նաեւ արտաքին քաղաքական խնդիրների նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքը: Սոցիոլոգները փորձել են պարզել, թե որոնք են, ըստ շարքային ռուսաստանցիների, Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ամենաբարեկամաբար տրամադրված երկրները: Պարզվում է, Ռուսաստանի բարեկամ պետություններն են Ղազախստանը, Բելառուսը, Գերմանիան, Չինաստանն ու Հայաստանը:

Ի դեպ, եթե 2005-ին ռուսաստանցիների միայն 9 տոկոսն էր կարծում, թե Հայաստանը Ռուսաստանին բարեկամ պետություն է, ապա 2007-ի աշնանն այս կարծիքի կողմնակիցների թիվն աճել է` հասնելով 15 տոկոսի:

Նշենք, որ Հայաստանն ընդգրկված է նաեւ Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությունների ցանկում: Այստեղ Հայաստանի ցուցանիշը ավելի համեստ է. ընդամենը 2 տոկոս` 2005-ի 4 տոկոսի դիմաց:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ռուսաստանցիների 5 տոկոսը համարում է, որ այն բարեկամ պետություն է, իսկ 4 տոկոսը ընկալում է որպես թշնամի:

Lեւադայի կենտրոնի մասնագետները իրենց ուսումնասիրության մի զգալի հատվածը նվիրել են վրաց-ռուսական հարաբերություններին` արձանագրելով, որ Ռուսաստանի Դաշնության բնակչության 48 տոկոսը բացասաբար կամ շատ բացասաբար է վերաբերվում Վրաստանին ու վրացիներին:

Ի դեպ, ռուսաստանցիների 37 տոկոսը համոզված է, որ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարումն ի վերջո կհանգեցնի քաոսի: Ռուսաստանցիների եւս 25 տոկոսի համոզմամբ, Սահակաշվիլիի վերջնական նպատակը կառավարման ավտորիտար համակարգի հաստատումն է:

Հարավային Օսիան ու Աբխազիան, ռուսաստանցիների համոզմամբ, կա’մ պետք է դառնան անկախ պետություններ, կա’մ ընդգրկվեն Ռուսաստանի Դաշնության կազմում: Ըստ Lեւադայի կենտրոնի հրապարակած տվյալների` հարցվածների միայն 8 տոկոսն է պնդում, թե ինքնահռչակ այս երկու հանրապետությունները պետք է վերադառնան Վրաստանի հովանու ներքո:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG