Մատչելիության հղումներ

Հրանտ Խաչատրյանը հրաժարվում է հետագա ընտրապայքարից


Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում անցկացվելիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում առաջադրված անկախ թեկնածու Հրանտ Խաչատրյանը այսօր հրաժարվել է հետագա ընտրապայքարից:

«Այսօրվանից դադարեցնում եմ իմ մասնակցությունը թիվ 17 ընտրատարածքում անցկացվող ընտրություններին», - հայտարարել է Խաչատրյանը` միաժամանակ վստահեցնելով. - «Իմ ջանքերն ու հնարավորությունները ներդնելու եմ պետական մոնոպոլիզացված կառույցը ներդաշնակելուն միտված համապետական արտահերթ ընտրությունների անցկացման գիտակցումն ունեցող բոլոր մարդկանց համախմբելու, դրանք նախաձեռնելու եւ կազմակերպելու գործում նրանց մոտ սեփական դերակատարություն ստանձնելու կամքը եւ հաղթելու վճռականությունը ամրապնդելու համար»:

Թիվ 17 ընտրատարածքում օգոստոսի 24-ին նշանակված ընտրություններում պատգամավորության երեք թեկնածու էր առաջադրվել` նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը (ՀՀԿ), անկուսակցականներ Գրիշա Վիրաբյանը եւ Հրանտ Խաչատրյանը:

Պատգամավորի տեղը այստեղ թափուր է մնացել հանրապետական Հենրիկ Աբրահամյանի (Հովիկ Աբրահամյանի եղբայրը) պատգամավորական լիազորությունները դադարելուց հետո:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ պատգամավոր ընտրվելուց հետո Հովիկ Աբրահամյանը դառնալու է խորհրդարանի խոսնակ: Հանրապետականները ժխտում են նման սցենարը, իսկ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG