Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ նորմալ հարաբերությունների հաստատումը իրական այլընտրանք չունի»


«Եկել է նոր ջանքեր գործադրելու ժամանակը` դուրս գալու համար մի փակուղուց, որը որեւէ մեկին չի օգնում, սակայն վնասում է շատերին», - գրում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Wall Street Journal-ի երեկվա համարում հրապարակած` «Մենք պատրաստ ենք խոսել Թուրքիայի հետ» վերնագրված հոդվածում:

«Որպես Հայաստանի նախագահ, ես օգտվում եմ նոր սկիզբ` Թուրքիայի կառավարության եւ ժողովրդի հետ երկխոսության նոր փուլ առաջարկելու հնարավորությունից` հարաբերությունները բարելավելու եւ մեր ընդհանուր սահմանը բացելու նպատակով», - վստահեցնում է Սերժ Սարգսյանը:

«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ նորմալ հարաբերությունների հաստատումը իրական այլընտրանք չունի», - պնդում է Հայաստանի նախագահը եւ մանրամասնում. - «Նորմալ քաղաքական հարաբերությունների հաստատումը մեզ հնարավորություն կընձեռի հանձնաժողով ստեղծել, որը համակողմանիորեն կուսումնասիրի Հայաստանին եւ Թուրքիային վերաբերող բոլոր հարցերը: Միայն կարգավորված հարաբերություններով մենք կարող ենք արդյունավետ երկխոսություն վարել` անդրադառնալով նույնիսկ ամենավիճահարույց պատմական խնդիրներին»:

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փակ սահմանը խոչընդոտում է ոչ միայն հայերին ու թուրքերին, այլեւ արեւելքից արեւմուտք տանող առեւտրական, տրանսպորտային ու էներգետիկ հոսանքներին», - նշում է Սերժ Սարգսյանը: - «Ռազմավարական այնպիսի ծրագրեր, ինչպիսին են Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարն ու Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղին, շրջանցում են Հայաստանը, մինչդեռ Հայաստանն ու Թուրքիան անմիջականորեն միմյանց կապող երկաթգիծը շարունակում է փակ մնալ: Տարածաշրջանի բոլոր երկրները, ինչպես նաեւ ավելի ընդարձակ եվրոպական հանրությունը բարձր գին են վճարում առեւտրի, զարգացման ու միջազգային համագործակցության առջեւ կանգնած այս արհեստական խոչընդոտների համար»:

Նշելով, որ Աբդուլա Գյուլը իրեն Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորած առաջին նախագահներից մեկն էր, Սերժ Սարգսյանը հիշատակում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի խոսքերը` «այժմ դռները բաց են այս նոր փուլում նոր երկխոսություն ծավալելու համար»: «Հուսով եմ, որ մեր երկու երկրների կառավարությունները կկարողանան անցնել այս նոր, բաց դռան շեմից», - գրում է Հայաստանի նախագահը:

Պարզաբանելով Թուրքիայի նախագահին սեպտեմբերին Երեւան հրավիրելու դրդապատճառները` Սերժ Սարգսյանը գրում է. - «Ինչպես Չինաստանի եւ Միացյալ Նահանգների ժողովուրդներն էին կիսում սեղանի թենիսի հանդեպ իրենց խանդավառությունը, մինչեւ կառավարությունները լիովին կբարելավեին երկու երկրների հարաբերությունները, այնպես էլ Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդներն են նման ֆուտբոլի նկատմամբ իրենց սիրով»:

Նա կարծիք է հայտնում, թե թուրք պաշտոնակցին ուղարկված` երկու հավաքականների խաղը միասին Երեւանում դիտելու հրավերը «կազդարարի հարաբերությունների նոր ու խորհրդանշական սկիզբ»:

«Ինչպիսին էլ լինեն մեր տարբերությունները, կան էական մշակութային, մարդասիրական ու մարզական կապեր, որոնք մեր ժողովուրդները կիսում են` նույնիսկ փակ սահմանի պայմաններում», - նշում է Սերժ Սարգսյանն ու հավելում. - «Այդ պատճառով ես անկեղծորեն հավատում եմ, որ Հայաստանի ու Թուրքիայի շարքային քաղաքացիները կողջունեն այս քայլն ու այն օրը, երբ մեր սահմանները կբացվեն»:

Կանխատեսելով, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման ճանապարհին երկու կողմից էլ կարող են լինել քաղաքական խոչընդոտներ, Հայաստանի նախագահն ընդգծում է. - «Այդուամենայնիվ, մենք պետք է քաջություն եւ հեռատեսություն ունենանք` քայլեր ձեռնարկելու համար»:

«Հայաստանն ու Թուրքիան կարիքը չունեն եւ չպետք է մշտական հակառակորդներ լինեն», - գրում է Սերժ Սարգսյանն ու եզրափակում. - «Հայաստանի եւ Թուրքիայի համար առավել բարգավաճ, երկկողմանի շահավետ ապագան, ինչպես նաեւ Եվրոպայի, Կասպյան տարածաշրջանի ու ողջ աշխարհի համար պատմական արեւելք-արեւմուտք միջանցքի բացումը նպատակներ են, որ մենք կարող ենք եւ պետք է իրագործենք»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG