Մատչելիության հղումներ

Ազգային անվտանգության ծառայությունը արձագանքում է օմբուդսմենի դիմումին


Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը արձագանքել է մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումին` պատրաստակամություն հայտնելով «ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները»:

«Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, հիմք ընդունելով «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, դիմել էր ԱԱԾ իր եւ իր ընտանիքի անդամների անվտանգության ապահովման հարցով: ԱԱԾ-ն պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ եւ խնդրում է Արմեն Հարությունյանին տրամադրել այն փաստերը կամ կոնկրետ երեւույթների վրա հիմնված ենթադրությունները, որոնք հիմք են հանդիսացել դիմումի համար», - ասված է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ձեռնարկվելիք միջոցառումների ծավալը «համապատասխան կլինի ներկայացված տվյալների իրական եւ հիմնավոր լինելու չափին»:

Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին հուլիսի 4-ին հղած նամակում Արմեն Հարությունյանը, մասնավորապես, գրել էր. - «Խնդրում եմ սեղմ ժամկետներում իմ եւ իմ ընտանիքի անդամների անհատական պահպանությունը, իմ ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցումը, ընտանիքիս անդամների տրանսպորտային սպասարկումը իրականացնելու նպատակով ապահովել լիազոր մարմնի հինգ աշխատակցով եւ երկու ավտոտրանսպորտային միջոցով»: Օմբուդսմենի նամակում չկար հիշատակում իր եւ իր ընտանիքի անդամների համար որեւէ կոնկրետ սպառնալիքի մասին:

Դիմումի պատճառների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին Արմեն Հարությունյանը, մասնավորապես, պատասխանել էր. - «Որեւէ պատճառ չկա, պարզապես որոշել եմ օգտվել այդ իրավունքից: Օրենքի պահանջ է. օրենքի պահանջը բավարար հիմք է, որպեսզի ես էլ մտածեմ, որ դիմեմ, որպեսզի այդ պահանջը ի կատար ածվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG