Մատչելիության հղումներ

Եվրոպացի պաշտոնյայի պնդմամբ` «Ա1+»-ի հարցը պետք է վերանայվի հիմա


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լրատվամիջոցների ենթակոմիտեի ղեկավար, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Էնդրյու Մաքինթոշը այսօր Երեւանում` «Բազմակարծությունը Հայաստանի լրատվամիջոցներում» միջազգային կոնֆերանսի իր ելույթում հայտարարեց, որ «կարգավորող մարմինը պետք է վերանայի «Ա1+»-ի հարցը հիմա` այն չափանիշների հիման վրա, որոնք մշակել է Եվրախորհուրդը»:

«Իսկ եթե այդ ամենը չարվի մինչեւ հունվար, ապա կգնահատվի, որ Հայաստանը չի կատարել Եվրախորհրդի պահանջները եւ երկիրը կզրկվի Եվրախորհրդում քվեարկության իրավունքից», - հայտարարեց Մաքինթոշը:

Բրիտանացի խորհրդարանականը անդրադարձավ նաեւ կարգավորող մարմնի կազմավորման խնդիրներին եւ հավելեց, որ «միայն օրենքների փոփոխությամբ չէ, որ պետք է կատարվեն Եվրախորհրդի պահանջները, այլ այդ օրենքները պետք է նաեւ գործեն»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հայտարարեց, թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձանաժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծում ամեն ինչ հստակեցված է, եւ վստահեցրեց, որ Հայաստանի գործող իշխանությունները ունեն քաղաքական կամք փոփոխություններն իրականացնելու համար:

Ազգային ժողովի պատգամավորը հավելեց նաեւ, որ իրականացվելիք փոփոխությունները քննարկվում են ոչ այն պատճառով, որ դա պահանջում է Եվրախորհուրդը, այլ այդ ամենը վաղուց արդեն նախանշված է եղել ներկայիս իշխանությունների ծրագրերում:

Որպես արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ կոնֆերանսին հրավիրված էր Հայաստանի առաջին նախագահի նախկին մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանը: Նա, սակայն, չէր ներկայացել, թեեւ կազմակերպիչներին էր փոխանցել իր ելույթի տեքստը, որն ընթերցեց Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Ըստ նրա հրապարակած տեքստի` «Համաժողովրդական շարժումը պահանջում է անհապաղ եթեր տրամադրել «Ա1+» հեռուստաընկերությանը», «հնարավորինս արագ կտրուկ փոփոխություններ մտցնել հանրային հեռուստառադիոընկերության գործունեության մեջ», ինչպես նաեւ առաջիկա օրենսդրական փոփոխություններից հետո Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձանաժողովի ու հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմերի հրաժարականը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը դեմ է դրան եւ չի կարծում, թե հարցերը դրանով կարող են լուծվել:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG