Մատչելիության հղումներ

«Սուպերջեթ - 100» օդանավերի առաքումը Հայաստան մեկ տարով հետաձգվում է


Ռուսաստանը մեկ տարի ուշացումով է գնորդներին առաքելու «Սուպերջեթ - 100» մակնիշի ուղեւորատար օդանավերը: «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` այս տարվա նոյեմբերի փոխարեն դա տեղի կունենա 2009 թվականի երկրորդ կեսին:

Վկայակոչելով «Վրեմյա նովոստեյ» օրաթերթի հաղորդագրությունը` «Ֆրանսպրես»-ը տեղեկացնում է, որ Ռուսաստանի խորհրդարանը քննարկում է մինչեւ 2012 թվականը «Սուպերջեթ - 100» օդանավերի արտադրության ծրագրի պետական սուբսիդավորումը 579 միլիոն դոլարով ավելացնելու հարցը: Այդ գումարից 251 միլիոնը հատկացվելու է «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերության եւ Snecma ֆրանսիական ընկերության համատեղ ջանքերով «Սուպերջեթ - 100»-ի շարժիչների արտադրության համար:

Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեխնոլոգիաների եւ կապի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Գավրիլովի խոսքերով` օրենսդիրները լրացուցիչ գումարի տրամադրումը կհաստատեն աշնանը:

«Օդանավերի մատակարարումը նախատեսված է 2009 թվականի երկրորդ կեսին, ըստ էության, դա նշանակում է մեկ տարվա ուշացում», - ասել է «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերության խոսնակ Oլգա Կոյուկովան:

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ ծրագրի ձգձգման փաստն ակնհայտ դարձավ, երբ անցյալ տարվա ամռանը նախատեսված «Սուպերջեթ - 100»-ի առաջին թռիչքը տեղի ունեցավ այս տարվա մայիսին:

«Սուպերջեթ»-ի ծրագիրն իրականացնում է ռազմական օդանավեր արտադրող «Սուխոյ» ընկերության քաղաքացիական օդանավերի մասնաճյուղը: «Սուխոյ» ընկերության պաշտոնյա Ալեքսեյ Պավեշչենկոն «Ֆրանսպրես»-ին հայտնել է, որ ընկերությունն արդեն ունի 73 պատվեր եւ շուրջ երեք տասնյակ նախնական պայմանավորվածություն:

«Սուպերջեթ -100» առաջին օդանավերը ստանալու է «Աերոֆլոտ» ընկերությունը, սակայն «Սուխոյ»-ը ձգտում է պայմանագրեր կնքել արտասահմանյան երկրների, մասնավորապես, Չինաստանի հետ, ինչի մասին մայիսին Պեկինում ասել է «Սուխոյ» հոլդինգի գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը:

«Սուպերջեթ - 100» օդանավն այս ժամանակաշրջանում իրականացնում է փորձնական թռիչքներ` զանգվածային արտադրությունը սկսելու նպատակով անհրաժեշտ սերտիֆիկատը ստանալու համար:

2007 թվականի սեպտեմբերի 14-ին «Արմավիա» եւ «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերությունները ստորագրել են պայմանագիր, որի համաձայն, հայկական կողմը «Սուպերջեթ - 100» երկու օդանավ է գնել եւ եւս երկուսն էլ պատվիրել է: Գործարքի արժեքը շուրջ 50 միլիոն դոլար է, այն որպես վարկ հայկական կողմին տրամադրում է ռուսաստանյան «Վնեշտորգբանկ»-ը:

Գործարքը Երեւանում կնքել են «Արմավիա»-ի նախագահ Միխայիլ Բաղդասարովը եւ «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Սուբոտինը: Արարողությանը ներկա են եղել այն ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի եւ Հայաստանի տրանսպորտի նախարարներ Իգոր Լեւիտինը եւ Անդրանիկ Մանուկյանը, ինչպես նաեւ «Սուխոյ» հոլդինգի գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը:

«Ազատություն» ռադիոկայանին այսօր «Արմավիա»-ից հայտնել են, որ «Սուպերջեթ - 100» օդանավերի առաքման ձգձգումը պատճառաբանվում է սոսկ մեքենայի արտադրության հետ կապված տեխնիկական խնդիրներով:

«Պատվիրված օդանավերի ձեռք բերման հարցը բացարձակապես վտանգված չէ, մեր բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ», - ասել է «Արմավիա»-ի մի պաշտոնյա, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG