Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, «Առավոտ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով «Մարտի 1-ի» քրեական գործին, մասնավորապես, ասել է. - «Նախաքննության իրականացումը չի սահմանափակվում միայն մեղադրյալի հարցաքննությամբ կամ նրանց հետ կատարվելիք գործողություններով: Այդ բոլոր դրվագներով կատարվում են նաեւ այլ քննչական գործողություններ, որոնք կապված չեն մեղադրյալի հարցաքննության հետ: Այդ գործողությունները ժամանակ են պահանջում: Իրականացված աշխատանքների ծավալը եթե համեմատելու լինենք բազում այլ քրեական գործերի հետ` ակնհայտ կդառնա, որ այս գործի քննությունն ավելի արագացված է եղել: Գաղտնիք չէ նաեւ, որ նման քրեական գործ նախկինում մեր իրականության մեջ չի եղել` թե’ իր ծավալով եւ թե’ իր բնույթով, եւ մեր քննիչները նման գործեր քննելու փորձառություն չեն ունեցել»:

Օհան Դուրյանը «Ժամանակ Երեւան»-ում կարծիք է հայտնում. - «Հայաստանում այսօր ամեն ինչ ոտքից գլուխ շուռ եկած է. ոչ մի բան իր տեղում չէ, ոչ մեկն իր տեղում չէ. կեղծողը, լցնողը, խաբողը, ջարդողն ու սպանողը երկիր են ղեկավարում, բարգավաճում եւ իրենց վիզն են հաստացնում, իսկ ով փորձել է կեղծիքը կանխել, իր ձայնը պահել, կանգնել ազատության, արդարության համար` ծեծվել է, սպանվել, բանտերում է, հացադուլի մեջ է: Այսպիսի անմարդկային վիճակ մեր ժողովուրդը, իհարկե, չի հանդուրժի: Բոլոր ձերբակալվածներին ես համարում եմ մեր ժողովրդի հպարտությունը, շատերին կճանաչեմ անձամբ, հիացած եմ նրանց կենսագրությամբ: Համբուրում եմ բոլորին. մեկ-մեկ. վստահաբար, շուտով արդարությունը կհաղթի… Քանի ազատության եւ ժողովրդավարության համար պայքարողները բանտերում են, իմ ժողովուրդը հանգիստ չի ունենալու. քանի մարտի 1-ի պատասխանատուները ազատ շրջում են, իմ ժողովուրդը հանգիստ չի ունենալու»:

«Հայք»-ը, անդրադառնալով Հայաստանի ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանի պաշտոնանկությանը, գրում է. - «Հենց նա է եղել Ռոբերտ Քոչարյանին կեղծ տեղեկանք տրամադրողը, որի հիման վրա էլ Քոչարյանը առաջադրվեց նախագահի թեկնածու եւ բռնազավթեց Հայաստանի նախագահի աթոռը: Ի դեպ, անցած ամիս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանը խիստ քննադատության էր ենթարկել վարչության աշխատանքը` հայտարարելով, թե այդ կառույցում ծաղկում է կաշառակերությունը: Եթե տիկին Ալվինան քրեական պատասխանատվության չենթարկվի, ուրեմն կարելի է չկասկածել, որ կաշառակերությունը ծաղկում է ոչ միայն այդ կառույցում»:

«Կան անվիճելի փաստեր, որոնց մասին գիտակցաբար ասվում են սուտ բաներ՝ քարոզչության նպատակով», - գրում է «Առավոտ»-ը: - «Նույն տիպի քարոզչական ապատեղեկատվություն է այն պնդումը, որ Տեր-Պետրոսյանը պատրաստվում է լքել Հայաստանը: Իշխանությունների կողմից տարածվող այս բամբասանքին կարող են հավատալ միայն նրանք, ովքեր չեն ճանաչում Հայաստանի առաջին նախագահին… Եվ այստեղ է, որ ՀՀ առաջին նախագահի քարոզչական շտաբը սխալ վարքագիծ դրսեւորեց` պնդելով, թե չի մեկնաբանում Տեր-Պետրոսյանի անձնական կյանքի մանրամասները: Նախ, եթե մարդը հավակնում է երկրի ամենաբարձր պաշտոնին, նրա ընտանիքի անդամների տեղաշարժերն այլեւս անձնական գործ չեն, երկրորդ՝ այդ պարզ հարցի շուրջ խորհրդավորության մշուշ ստեղծելով` առաջին նախագահի PR-ով զբաղվողները մեծ ծառայություն մատուցեցին իշխանության քարոզիչներին»:

«Հեռու չէ այն օրը, երբ քաղաքում նոր անկարգություններ հրահրելը ՀՀՇ-ականների համար կդառնա օրինաչափ եւ տրամաբանական իրենց «պայքարի» ենթատեքստում: Պատրա՞ստ են գործող իշխանությունները թույլ չտալու երկրի հերթական ապակայունացումը», - հարց է բարձրացնում «Ազգ»-ը` շարունակելով. - «Եթե վերոնշյալ հարցին փորձենք պատասխանել Հանրապետական կուսակցությունը ներկայացնող մի քանի պատգամավորների ինքնագոհ կեցվածքից ու հայտարարություններից` ոչ: Վերջիններս, մտահոգ լինելով միայն սեփական իշխանության պահպանմամբ, հրճվանքով խոսում են Լեւոն Տեր-Պետրոսյանի իբր «հանդուրժողական» տոնի, «կառուցողական» պայքարի կամ երկրից հեռանալու մտադրության մասին: Ցանկալին իրականության տեղ ներկայացնելով, երիտասարդ եւ ոչ երիտասարդ հանրապետականները բացարձակապես որեւէ քարոզչական եւ այլ աշխատանք չեն կատարում բացահայտելու համար ՀՀՇ-ականների՝ պետականությանը սպառնացող գործունեության իրական պատկերը: Ավելին, նրանք շողոքորթում են այդ նույն ՀՀՇ-ական մամուլին, որին մեծապես «պարտական» են իրենց դեմ ձեռնարկվող արշավի համար»:

«Տարեգիր»-ը շարադրում է. - «Ամենքս ենք երազում եւ ձգտում` թող որքան հնարավոր է շուտ գա այն Հայաստանը, որտեղ ո’չ ազգային կուռքեր կլինեն, ո’չ հանիրավի ազատազրկված «հանցագործներ», որոնց նախկինում նույն իշխանությունը ազգային հերոսի դափնիներով է պսակել: Եվ այդ Հայաստանի գալուստը, որքան էլ պարադոքսալ է, սկսվում է հենց Հյուսիսային պողոտայից, որը կառուցվեց մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, եւ որտեղ այսօր պայքարը մղվում է հանուն մարդու իրավունքների»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG