Մատչելիության հղումներ

Ռուսաստանը եւ Ադրբեջանը անթույլատրելի են համարում «միջազգայնորեն ճանաչված սահմանների բռնի փոփոխությունը»


Ռուսաստանը եւ Ադրբեջանը անթույլատրելի են համարում «միջազգայնորեն ճանաչված սահմանների բռնի փոփոխությունը»: Այդ մասին ասված է նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի` այսօր Բաքվում կայացած հանդիպման արդյունքներով ստորագրած Բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրում:

«Կարեւորելով անվտանգության ապահովումը Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում, հաստատելով միջազգայնորեն ճանաչված սահմանների բռնի փոփոխության անթույլատրելիությունը, կողմերը հայտարարում են Հարավային Կովկասում եւ Կասպյան տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում համագործակցութունն ամրապնդելու իրենց պատրաստակամության մասին», - ասված է հռչակագրում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այդ կապակցությամբ պաշտոնական Մոսկվան եւ Բաքուն ընդգծում են «միջազգային իրավունքի լայնորեն ընդունված նորմերի ու սկզբունքների, եւ առաջին հերթին` պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտության պահպանման եւ ապահովման հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման կարեւորությունը»:

Կողմերը շեշտում են այն նշանակությունը, որ իրենք տալիս են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ արագ կարգավորմանը նպաստելու ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության հետագա ջանքերին, եւ պարտավորվում են նպաստել փախստականների եւ հակամարտությունների հետեւանքով տեղահանված անձանց կամավոր եւ անվտանգ վերադարձին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG