Մատչելիության հղումներ

Սկանդալ` Ֆրանսիայի նախագահի հեռուստահարցազրույցի պատճառով


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հարցազրույցը France-3 հեռուստաալիքին դարձել է սկանդալի պատճառ:

Երկուշաբթի երեկոյան ժամանելով հեռուստաընկերության կենտրոնակայան` Սարկոզին բավական կոշտ տոնով նկատողություն է արել հնչյունային օպերատորներից մեկին, ով նախագահի ողջույնն անպատասխան էր թողել: «Երբ քեզ հրավիրում են ինչ-որ տեղ, գոնե կարող ես հույս ունենալ, որ կբարեւեն», - ասել է նյարդայնացած Սարկոզին` հավելելով. - «Սա պարզապես անընդունելի է»:

France-3-ի տաղավարում տեղի ունեցածի տեխնիկական տեսագրությունը հաջորդ օրն արդեն հայտնվել է ինտերնետում. երկու օրում այն դիտել է շուրջ մեկ միլիոն մարդ:

France-3-ի ղեկավարությունը ներքին հետաքննություն է սկսել` պարզելու, թե ինչպես է տեսագրությունը հայտնվել ինտերնետում:

Նույնպես այս շաբաթ, սրվել են հարաբերությունները Նիկոլա Սարկոզիի եւ Ֆրանսիայի հանրային հեռուստաընկերության ղեկավարության միջեւ: France-3-ը Հանրային հեռուստաընկերութան կազմում գործող հինգ ալիքներից մեկն է: Հարաբերությունների սրման պատճառը, սակայն, ոչ թե հեռուստատեսության աշխատակիցների անքաղաքավարությունն է, այլ հանրային հեռարձակման ոլորտում Սարկոզիի նախաձեռնած բարեփոխումները: Ֆրանսիայի նախագահն առաջարկում է 2009 թվականի հունվարից Հանրային հեռուստատեսության եթերում արգելել գովազդի հեռարձակումը: Հանրային հեռուստաընկերության ղեկավար Պատրիկ դը Կարոլին նախագահի այս մտադրությունն անվանել է «հիմարություն», պնդելով, թե հեռուստաընկերությունը պետբյուջեից կախման տակ դնելով` երկրի ղեկավարը ցանկանում է ազդել խմբագրական քաղաքականության վրա:

Փարիզում նաեւ նշում են, որ եթե գովազդը լիովին դուրս մղվի հանրային հեռուստաեթերից, ապա դրանից շահելու են մասնավոր ընկերությունները եւ, նախեւառաջ, TF-1 ալիքը, որի սեփականատերը Նիկոլա Սարկոզիի վաղեմի բարեկամն է:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG