Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի նախագահը ժամանել է Բաքու


Այսօր սկսվել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչի պաշտոնական այցը Ադրբեջան:

Day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ` նախատեսվում են ԵԽԽՎ-ի նախագահի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Լուիս Մարիա դե Պուչը կհանդիպի նաեւ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների, քաղաքական կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Բաքվում հավատարմագրված դիվանագետների հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվելու են նախագահական ընտրությունների նախաշեմին Ադրբեջանում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակի, մամուլի վիճակի, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում Ադրբեջանի վերաբերյալ ընդունված բանաձեւի հետ կապված հարցեր:

APA գործակալության փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում ԵԽԽՎ-ի նախագահը կարծիք է հայտնել, որ «Ադրբեջանը ժողովրդավարացման ճանապարհին է, երկրում պաշտպանվում են մարդու իրավունքները, կառուցվում է իրավական պետություն»:

Հայաստանում հետընտրական իրավիճակին ԵԽԽՎ-ի «անհամարժեք արձագանքին» առնչվող հարցին Լուիս Մարիա դե Պուչը հակադարձել է, թե «ժամանել է` խոսելու Ադրբեջանի մասին»:

«ԵԽԽՎ-ն վերջերս ընդունեց Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին բանաձեւը: Այդ փաստաթղթում ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - Բաքվում հայտարարել է ԵԽԽՎ-ի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG