Մատչելիության հղումներ

Քրեակատարողական հիմնարկը Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդություն չի ներկայացնելու


«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդություն չի ներկայացնելու անկախ հանձնաժողովին:

Այսօր քրեակատարողական հիմնարկի վարչակազմը տվյալ հարցը առհասարակ չի քննարկել, քանի որ նախորդ անգամ միջնորդություն ներկայացվել է ապրիլին, իսկ դատապարտյալին վաղաժամկետ ազատ արձակելու հարցը միայն երեք ամիսը մեկ անգամ կարող է քննարկել անկախ հանձնաժողովը: Հետեւաբար, Բաբաջանյանի վաղաժամկետ ազատ արձակման հաջորդ միջնորդությունը կարող է ներկայացվել օգոստոսի սկզբին:

Արման Բաբաջանյանը մոտ երկու տարի առաջ դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման՝ զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով:

Երկուշաբթի օրը երեւանյան 8 թերթերի խմբագիրներ, ինչպես նաեւ Երեւանի մամուլի ակումբը եւ «Ժամանակ Երեւան» թերթի խմբագրակազմը դիմել էին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, հորդորելով նպաստել Արման Բաբաջանյանի վաղաժամկետ ազատ արձակմանը:

«Ընթացիկ ամսին լրանում է «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու, պատիժը չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հերթական հնարավորությունն ուսումնասիրելու ժամկետը: Գրեթե մեկուկես տարի է, ինչ Արման Բաբաջանյանը ենթակա է պայմանական վաղաժամկետ ազատման, սակայն չնայած քրեակատարողական հիմնարկների զույգ միջնորդություններին` «անկախ» հանձնաժողովն առանց հիմնավորման երկու անգամ նրան հնարավորությունից զրկեց օգտվել օրենքով վերապահված վաղաժամկետ ազատումից», - ասված էր լրագրողների նամակում:

«Որպես Հայաստանում հասարակական կարծիք ձեւավորող լրատվամիջոցների ղեկավարներ եւ որպես «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի գործընկերներ, ակնկալում ենք, որ Ձեր անմիջական հսկողությամբ հնարավորություն կստեղծեք Արման Բաբաջանյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համար «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կողմից «անկախ» հանձնաժողովին միջնորդության համար», - նշել էին դիմումի հեղինակները:

Նրանք նաեւ համոզմունք էին հայտնել, որ Արման Բաբաջանյանի ազատ արձակումը «էականորեն կլիցքաթափի երկրում պրկված քաղաքական լարվածությունը»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG