Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Ցանկանում ենք գտնել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի` երկուստեք ընդունելի ձեւակերպում»


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցում իրենք ջանում են գտնել «երկուստեք ընդունելի ձեւակերպում»:

«Տարածքային ամբողջականությունը, իհարկե, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքերից է, եւ Միացյալ Նահանգները ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն մենք նաեւ ասում ենք, որ եթե Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է ձեռք բերվի քաղաքական համաձայնություն, պետք է հաշվի առնվեն նաեւ մյուս սկզբունքները», - արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ասաց Բրայզան` հավելելով. - «Մենք ցանկանում ենք Ղարաբաղի ապագա կարգավիճակի այնպիսի ձեւակերպում գտնել, որը ընդունելի լինի կողմերի համար»:

Մինսկի խմբի համանախագահները երեկ ուշ երեկոյան Երեւան էին ժամանել Բաքվից` ադրբեջանական «Ազալ» ավիաընկերության ինքնաթիռով, եւ արդեն երեկ հանդիպել էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Մինսկի խմբի համանախագահները այսօր հանդիպում են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան առաջարկությունների հետ կապված հարցեր: Սերժ Սարգսյանը, ըստ նախագահի մամլո գրասենյակի, ներկայացրել է բանակցային գործընթացի վերաբերյալ հայկական կողմի տեսակետներն ու նկատառումները:

Համանախագահները Հայաստանի նախագահին տեղեկացրել են Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների մասին:

Այսօր համանախագահները Երեւանից մեկնել են Ստեփանակերտ:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG