Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի նոր բանաձեւին Համաժողովրդական շարժման գնահատականը միանշանակ չէ


Հայաստանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր բանաձեւի հետ կապված` Համաժողովրդական շարժումն արձանագրում է թե’ դրական եւ թե’ բացասական զարգացումներ: Այդ մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ, Հայաստանի նախագահի նախկին խոսնակ Լեւոն Զուրաբյանը:

Որպես դրական զարգացում` նա նշեց, որ «շնորհիվ 1620 բանաձեւի, Հայաստանի իշխանությունների գործողությունները կշարունակեն մնալ ԵԽԽՎ-ի վերահսկողության ներքո` համապատասխան պատժամիջոցների գործադրման հնարավորության պահպանման պայմաններում»:

«Մենք մասնավորապես ողջունում ենք «Ա1+»-ի համար այս անգամ բաց, արդար եւ հրապարակային մրցույթ անցկացնելու պահանջի ընդգրկումը փաստաթղթի մեջ: Մենք նաեւ ողջունում ենք քաղբանտարկյալների ազատման հետ կապված ավելի հստակեցված եւ համապարփակ նոր պահանջները», - ասաց Զուրաբյանը:

Բացասական զարգացում է, ըստ նրա, այն, որ «Եվրոպայի խորհուրդը ապացուցեց իր անկարողությունը` Հայաստանի իշխանություններին պարտադրելու 1609 բանաձեւի պահանջների կատարումը նշված ժամկետներում»: Դա, Լեւոն Զուրաբյանի կարծիքով, «հետեւանք է այս հարցում Եվրոպայի խորհրդի ցուցաբերած անվճռականության եւ անսկզբունքայնության»:

Հարցադրմանը, թե ընդդիմության չկատարած քայլերի մասին էլ հիշատակում կա բանաձեւում, Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչը հակադարձեց. - «Խորհուրդ չեմ տալիս կապել ընդդիմության գործունեությունը Եվրոպայի խորհրդի բանաձեւերում նշված ժամկետների հետ»:

Գնահատելով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության միակ ընդդիմադիր անդամի` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Վեհաժողովի աշխատանքների բոյկոտը, Լեւոն Զուրաբյանը հայտարարեց. - «Այն կեցվածքը, որ այդ բյուրոկրատական կառույցը դրսեւորեց, մասնավորապես` համազեկուցողները, շատ հիմնավորված են դարձնում նման պահվածքը»:

Ընդդիմության առաջիկա հանրահավաքի մասին Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչը ասաց. - «Մենք առաջարկում ենք, որ իշխանությունները մինչեւ հուլիսի 4-ը ազատեն բոլոր քաղբանտարկյալներին: Եթե դա լինի, հուլիսի 4-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հանդես կգա իշխանությունների հետ երկխոսություն սկսելու ծրագրով եւ առաջարկներով, որոնք ուղղված կլինեն խորը քաղաքական ճգնաժամը լուծելուն»:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG