Մատչելիության հղումներ

Եվրադատարանը Հայաստանից մոտ 1000 գանգատ է ստացել, 6-ը բավարարվել է, 6-ը՝ ոչ


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2002 թվականից մինչեւ այսօր Հայաստանից ստացել է մոտ 1000 գանգատ, որոնցից 6-ը բավարարվել է, եւս 6-ը՝ չի բավարարվել: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Եվրադատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Էմիլ Բաբայանը:

Նրա վկայությամբ՝ Հայաստանից ստացված 60 գանգատ այժմ գտնվում է գրագրության փուլում, այսինքն` հանգամանքներ են ճշտվում Եվրադատարանի, Հայաստանի կառավարության եւ դիմումատուի միջեւ:

Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի համոզմամբ` «ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել` մի քանի գործով պարտվել է Հայաստանը, մի քանի գործով Հայաստանը հաղթել է»: «Երկար ժամանակ ունենք Եվրոպայի հետ համահունչ քայլելու, շատ գործերով դեռեւս պարտվելու ենք: Բայց այստեղ ոչ մի ողբերգություն չկա, եւ առանձնապես խուճապի մատնվելու հիմքեր չեմ տեսնում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վճռաբեկ դատարանի նախագահը:

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի մեկնաբանությամբ, սակայն, «Եվրոպական դատարանի որոշումները ուղղակիորեն միշտ գալիս են ապացուցելու, որ այն հարցերը, որոնք մարդու իրավունքների պաշտպանը բարձրացնում է, իրոք գոյություն ունեն հասարակությունում»:

«Մենք նմանատիպ հարց բարձրացրել էինք սեփականության օտարման հետ` Հյուսիսային պողոտայի հետ կապված, որ 4-5 տարվա մեջ որեւէ քաղաքացի չէր շահել դատարանում: Եվ անմիջապես Եվրոպական դատարան առաջին իսկ գործը, որ մտավ, կառավարությունը գնաց հաշտության: Իսկ կառավարությունը հաշտության գնում է այն դեպքում, երբ հասկանում է, որ բուն դատական գործընթացի ժամանակ շահելու հնարավորություն չունի», - ասաց Արմեն Հարությունյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG