Մատչելիության հղումներ

Foreign Policy հանդեսը Հայաստանը չի դասել ձախողված պետությունների թվին


Հայաստանը ԱՊՀ-ի տարածքի այն սակավաթիվ պետություններից մեկն է, որը, ըստ ամերիկյան Foreign Policy հանդեսի, չի դասվում ձախողվածների թվին:

Foreign Policy-ն արդեն չորրորդ տարին է, ինչ հրապարակում է աշխարհի պետությունների կայունության աստիճանին նվիրված հետազոտության արդյունքները` փորձելով պարզել, թե արդյոք շա՞տ են աշխարհի այն երկրները, որոնց պետական ապարատի բնականոն գործունեությունը վտանգված է: Որքան բարձր է պետության զբաղեցրած տեղն այս ցանկում` այնքան ավելի մտահոգիչ է այնտեղ տիրող իրավիճակը: Այս առումով, Հայաստանը միջին ցուցանիշ ունեցող երկրների շարքում է:

2007 թվականին Հայաստանն այս ցանկում 112-րդ տեղն էր կիսում Կիպրոսի եւ Ալբանիայի հետ մեկտեղ, իսկ այս տարի 109-րդ տեղն է կիսում Ուկրաինայի հետ:

Foreign Policy-ի փորձագետները 12 տարբեր չափանիշների են անդրադառնում` մարդու իրավունքների պաշտպանության մակարդակից մինչեւ պետական կառույցների լեգիտիմության աստիճանն ու երկրում տիրող տնտեսական ու ժողովրդագրական կացությունը:

Հայաստանի ցուցանիշներից Foreign Policy-ի մասնագետներն առավել մտահոգիչ են համարում արտագաղթի ծավալները, փախստականների թիվը: Երկրում խնդիրներ կան մյուս բնագավառներում եւս` դատական համակարգի արդյունավետություն, մարդու իրավունքների պաշտպանություն:

Որպես հարեւան Ադրբեջանի ամենալուրջ խնդիր` Foreign Policy-ի փորձագետները մատնանշում են պետական ապարատի քրեականացումն ու դելեգիտիմացումը, ինչը, ըստ նրանց, վտանգում է Ադրբեջանի` որպես պետության բնականոն զարգացումը:

Այդուհանդերձ, ոչ Հայաստան եւ ոչ էլ Ադրբեջանը աշխարհի ամենաանկայուն 60 պետությունների թվին չեն դասվել: Պետությունների այս խմբում են Կենտրոնական Ասիայի բոլոր հանրապետությունները` բացառությամբ Ղազախստանի, ինչպես նաեւ Բելառուսը, Մոլդովան ու Վրաստանը:

Վրաստանի հիմնական խնդիրներ են` փախստականների մեծ թիվը, «սառեցված» հակամարտությունները, երկրում տիրող իրավիճակից դժգոհ բնակչության մեծ խմբերի առկայությունը: Բացի այդ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս օտար պետությունների միջամտությունը երկրի ներքին գործերին:

Հայաստանի անմիջական հարեւաններից բավական անկայուն վիճակում են նաեւ Թուրքիան ու Իրանը` համոզված են ամերիկացի մասնագետները:

Թուրքիան, որը ցանկում 92-րդն է, ըստ Foreign Policy
հանդեսի` տնտեսական բավական լուրջ խնդիրներ ունի, մասնավորապես` երկրի տնտեսական զարգացումը հաստատուն բնույթ չի կրում: Բացի այդ, Թուրքիայի ուժային կառույցները քաղաքացիական իշխանություններից անկախության բավական բարձր մակարդակ ունեն, ինչը եւս չի նպաստում պետություն կայունությանը:

Իրանը ընդգրկվել է առավել ռիսկային համարվող 60 պետությունների թվում: Տնտեսության զարգացումը իսլամական հանրապետությունում շարունակական բնույթ չունի, անվտանգության ուժերն ու բանակը գործում են ինչպես «պետություն պետության ներսում», մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը խիստ ցածր է:

Աշխարհի առավել ձախողված եւ անկայուն պետությունը, ըստ վերլուծաբանների, Սոմալին է, որը, Foreign Policy-ի գնահատականով, որպես միասնական պետական կազմավորում փաստացիորեն դադարել է գոյություն ունենալ 1991 թվականին:

Աշխարհի ամենակայուն պետությունները սկանդինավյան երկրներն են` Նորվեգիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG