Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երեկվա հանրահավաքը աննախադեպ էր», - գնահատում է «Չորրորդ իշխանություն» -ը: - «Ուղիղ չորս ամիս ռեժիմը բառիս բուն իմաստով տեռորի էր ենթարկում ժողովրդին: Այդ տեռորի արդյունքում ունեցանք 10 զոհ, երկու հարյուր վիրավոր, հարյուրավոր ձերբակալվածներ եւ այլն: Չորս ամիս շարունակ ռեժիմը նաեւ հոգեբանական զենք էր կիրառում: Տարբեր հաստագլուխներ հնարավոր բոլոր հեռուստաեթերներից հայտարարում էին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները կամ դավաճաններ են, կամ թմրամոլներ, փորձում էին ապացուցել, թե հանուն ազատության պայքարելը «հոգեխանգարմունքի» արդյունք է, թե Սերժ Սարգսյանի նկատմամբ ատելությունը ժամանակավոր երեւույթ է, եւ այդպես շարունակ: Բայց երեկվա հանրահավաքը ցույց տվեց, որ ռեժիմը անցած չորս ամիսները հիմարությունների վրա է վատնել, որովհետեւ Համաժողովրդական շարժումը ոչ միայն չի թուլացել, այլեւ այս ընթացքում շատ ավելի հստակորեն է գիտակցել, թե ինչ աստիճան «խորացված» հանցագործների հետ գործ ունի»:

«Ազգ»-ը երեկվա հանրահավաքի կապակցությամբ գրում է. - «Մի քանի ամսվա դադարից հետո Տեր-Պետրոսյանի ելույթն իր ագրեսիվությամբ հաստատ զիջում էր նախորդ անգամներին: Ավելին, մյուս ելույթ ունեցողներն ավելի ագրեսիվ էին` իշխանությունների հասցեին մեղադրանքներն այս անգամ էլ քիչ չէին: Այս պահին դժվար է ասել, թե Տեր-Պետրոսյանի համեմատաբար ինքնազուսպ պահվածքն ինչի նշան էր` պայքարի հետագա հստակ ծրագիր չունենալո՞ւ, միանգամից զիջման չգնալո՞ւ, թե՞ տեւական քայլերով դեպի սեփական նպատակի սլացում, որն իրեն բնորոշ ձեւով երեկվա հանրահավաքով սկսվեց նորից «տաքացվել», ինչպես դա եղավ ընտրություններից առաջ»:

«Հունիսի 20-ի երկար սպասված հանրահավաքը կայացավ: Ի՞նչ ցույց տվեց այն», - հարցնում է «Հրապարակ» թերթը` պատասխանելով. - «Որ հակամարտող կողմերը, այսպես կոչված, գործողությունների ծրագիր, պլան չունեն: Իշխանությունը չգիտի իր անելիքը` թույլ տա՞ հանրահավաքները, թե՞ ոչ, ի՞նչ դիրք բռնի հանրահավաք անողների նկատմամբ` նորի՞ց հետապնդումների դիմի, թե՞ ամեն ինչ թողնի ինքնահոսի, ինչպե՞ս թուլացնի հասարակական լարումը: Ընդդիմությունն էլ, իր հերթին, ցույց տվեց, որ գերնպատակը հենց հանրահավաք անելն է, իսկ գործողությունների միակ պլանը` Մատենադանի կամ Ազատության հրապարակը գրավելը: Ոստիկանների «մեծահոգությունը»` հանրահավաքի մասնակիցներին Մատենադարանի հարթակ բարձրանալու թույլտվությունը, դիտվեց որպես մեծ հաղթանակ: Ընդհանրապես` այնպիսի տպավորություն է, որ եթե իշխանությունը դադարեցնի ռեպրեսիաները եւ թույլատրի բոլոր դեմոկրատական ազատությունների լիարժեք կենսագործունեությունը մեզանում, ապա ընդդիմությունն այլեւս անելիք չի ունենա, եւ ժողովրդական շարժումն էլ արագ կմարի»:

Իսկ «168 ժամ»-ը շարադրում է. - «Հանրահավաքն իր կազմակերպվածությամբ մեկ անգամ եւս ցույց տվեց, թե որքան չպատճառաբանված էին մարտի 1-ի իրադարձությունները: Եվ, որ այնքան հեշտությամբ կարելի էր խուսափել մարտի 1-ի արյունահեղությունից: Այսինքն` ցանկացած հանրահավաք, առանց դժվարության, կարելի է վերածել զանգվածային անկարգությունների` եթե կողմերից մեկը գոնե թույլ ցանկություն հայտնի: Մարտի 1-ին նման ցանկություն դրսեւորեց Ռոբերտ Քոչարյանը: Դրան կո՞ղմ էր Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ, կերեւա առաջիկա հանրահավաքներից: Այսինքն` իշխանությունը ուժ կկիրառի՞ խաղաղ ցուցարարների հանդեպ, թե՞ կբավարարվի միայն բարոյական ճնշմամբ` հանրահավաքները չարտոնելով, պարզ կդառնա հուլիսի 4-ին` ընդդիմության հաջորդ հանրահավաքի օրը: Սակայն կարելի է արձանագրել, որ ընդդիմությունը, ամեն դեպքում, հակված է բացառապես խաղաղ հանրահավաքների»:

«Երեկ, գրեթե նույն ժամին, երբ Երեւանում, Մատենադարանի մոտ սկսվեց համապետական ավելի քան 200 հազարանոց հանրահավաքը, Մոսկվայում, Հայաստանի դեսպանատան առջեւ մեր հայրենակիցները, Մոսկվայի իշխանությունների կողմից արտոնված պիկետ էին կազմակերպել` նույն պահանջներով», - հայտնում է «Երեւան ժամանակ»-ը: - «Դրանք կարելի է ամփոփել իրենց գլխավոր կարգախոսով` «վերջ տվեք սեփական ժողովրդի դեմ կատարվող ահաբեկչությանը»:

«Փոքրիկ երեւանցի» միջոցառումը, որը, ինչպես գրում է «Չորրորդ իշխանություն»-ը, «իբր պիտի տեղի ունենար Ազատության հրապարակում, այդպես էլ տեղի չունեցավ». - «Ազատության հրապարակը երեկ շրջապատված էր ռետինե մահակներով եւ«հատուկ սարքավորումներով» զինված ոստիկանների խիտ շղթայով: Թեեւ չի բացառվում, որ «Փոքրիկ երեւանցի» միջոցառման իմաստը հենց դա էր` երեւանցիները փոքրուց պիտի սովորեն, որ իրենց քաղաքի կենտրոնում միշտ ոստիկանական զորքեր են լինելու»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG