Մատչելիության հղումներ

Եվրամիությունը սերտ համագործակցություն է առաջարկում արեւելյան հարեւաններին


«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Եվրոպական միության (ԵՄ) ղեկավարները արեւելյան հարեւաններին առաջարկում են առավել սերտ համագործակցության ծրագիր, որը, ըստ վերլուծաբանների, որոշ չափով համեմատելի կլինի Միջերկրական տարածաշրջանին ԵՄ-ի առաջարկած ավելի հավակնոտ ծրագրի հետ:

«Արեւելյան գործընկերության» ծրագիրը համագործակցության նոր բնագավառներ են առաջարկում Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին, Հայաստանին, Ադրբեջանին եւ՝ կախված ներքին բարեփոխումների իրականացումից, նաեւ Բելառուսին:

«Ռոյթերզ»-ի վերլուծաբան Մարցին Գրաեւսկու փոխանցմամբ, «Արեւելան գործընկրություն»-ը վերաբերում է նախկին խորհրդային այն երկրներին, որոնցում աստիճանաբար հզորացող Ռուսաստանը ցանկանում է վերահաստատել իր ազդեցությունը:

«Եվրոպական խորհուրդը (Եվրամիության կառավարությունների խորհուրդ, որը համարվում է ԵՄ-ի բարձրագույն քաղաքական մարմինը) համաձայն է, որ անհրաժեշտ է խթանել տարածաշրջանային համագործակցությունը արեւելյան հարեւանների հետ», - նշվում է հայտարարության նախագծում, որը Բրյուսելում գումարված ԵՄ-ի գագաթնաժողովում դրվելու է քվեարկության եւ, մեկնաբանների համոզմամբ, ընդունվելու է:

Եվրամիությունը մարտին գումարած գագաթնաժողովում արդեն հավանություն է տվել Միջերկրականի միության ծրագրին, որով նախատեսվում է անցկացնել տարածաշրջանի 12 երկրների ամենամյա գագաթնաժողով եւ ստեղծել քարտուղարություն, որի առջեւ կդրվի անվտանգության, առեւտրի եւ մշակույթի բնագավառներում համագործակցությունը զարգացնելու նպատակ:

Այս օրերին Բրյուսելում գումարված Եվրամիության գագաթնաժողովը կառույցի գործադիր մարմնին՝ Եվրահանձնաժողովին, հանձնարարել է մինչեւ հաջորդ տարվա մարտին կայանալիք գագաթնաժողովը մշակել «Արեւելյան գործընկերության» սկզբունքների եւ աշխատանքի մանրամասն ծրագիրը: Այդ գաղափարի հեղինակեր են համարվում Լեհաստանը եւ Շվեդիան:

«ԵՄ-ի հարեւանները Բրյուսելի հետ արդեն կապված են Եվրոպական հարեւանության ծրագրով, որն իրագործվում է յուրաքանչյուր երկրի հետ ԵՄգի երկկողմ համագործակցությամբ եւ բարենպաստ պայմաններ է առաջարկում առեւտրի, տնտեսական աջակցության եւ վիզային ռեժիմի ազատականացման հարցերում», - նշել է «Ռոյթերզ»-ի մեկնաբան Մարցին Գրաեւսկին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG