Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ»-ը «Ատելություն - Oրվա կարգախոսը» վերնագրի ներքո գրում է. - «Սա թերեւս, այսօր սպասվելիք հավաքի հիմնական կարգախոսը կլինի: Զարմանալու կամ վախենալու ոչինչ չկա: Նորություն չէ, որ թշնամությունն ու ատելությունը դարձել են Հայաստանում առկա քաղաքական պայքարի հիմնական զենքը: Այսօր թե իշխանություններն իրենց գործողություններով եւ թե լեւոնական ընդդիմությունն իր քարոզներով միմյանց հանդեպ քարոզում են մի սկզբունք` անհանդուրժողականություն ու ատելություն»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ժամանակ Երեւան» թերթում կարծիք է հայտնում. - «Մարտի 1-ին գործող իշխանությունները ցույց տվեցին աշխարհին ու ժողովրդին, թե ինչի են ընդունակ: Բայց նաեւ մարտի 1-ը ցույց տվեց, թե ինչի է ընդունակ մեր ժողովուրդն իր անկոտրում ոգու դրսեւորմամբ: Իշխանությունները դրել էին նախ` Ազատության հրապարակում հավաքված մարդկանց ծեծելով տուն ուղարկելու, իսկ հետո` կրակել-սպանելով տուն ուղարկելու նպատակ: Կարծում էին` սարսափած մարդիկ կգնան` այլեւս հրապարակ չվերադառնալու պայմանով: Բայց ե'ւ մարտի 1-ից առաջ, ե’ւ հետո ժողովրդի պայքարի ոգին կոտրել հնարավոր չեղավ: ժողովուրդը այս ամիսների ընթացքում մնացել է հրապարակում, ամեն օր, ամեն ժամ այդ հրապարակը լցված է պայքարի ոգով: Մարտի 1-ով այս իշխանությունները տեսականորեն ավարտվեցին, մնում է տեսանելի ավարտը, որը առջեւում է»:

«Հայաստանի Հանրապետություն»-ը մեջբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը 1994 թվականի օգոստոսի 5-ին հանրապետության իրավապահ մարմինների խորհրդակցության ժամանակ ասել է. - «Պոպուլիզմը, այսինքն` իրականության պրիմիտիվ մատուցումը ժողովրդին եւ ամենափրկիչ դեղատոմսերի առաջարկը, համենայն դեպս, ժողովրդի մի մասի մոտ գտնում է պարարտ հող: Ահա դա էլ ոգեւորում է մեր ընկերներից շատերին… Շատ հետաքրքիր են նաեւ այս հանրահավաքների լոզունգները եւ մեթոդները: Հիմնական մեթոդը, եւ կարծում եմ, օպերայի հրապարակի եթերը այսօր 99 տոկոսով լցված է հայհոյանքով: Այդպիսի երեւույթ ընդհանրապես չի եղել 88-ից մինչեւ 90 թվականների միտինգները: 99 տոկոսը հայհոյանք է… Մեծ մասն ամբաստանություններ են` լուրջ ամբաստանություններ… Ծրագիրը մեկն է` ոչնչացնել այս իշխանությունները եւ ժողովրդի գլխին նստեցնել օպերայի այդ հարթակին կանգնած մարդկանց»: Կրկնենք` այս խոսքերը Լեւոն Տեր-Պետրոսյանն արտասանել է 1994 թվականին:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Ռեժիմի գործողությունների անհեթեթությունը հենց այն է, որ ցանկացած ելքի դեպքում իրենք ոչինչ չեն շահում: Լավ, ենթադրենք, նրանք Մատենադարանի շուրջ տանկեր շարեցին, մի քանի հազար ոստիկան շարեցին, Սաշիկի անձնական ավիացիան վերեւից սկսեց ատոմային ռումբեր գցել ժողովրդի վրա, կառավարության «պահուստային ֆոնդից» վարձատրված քիլերները տանիքներից սկսեցին կրակել, պլանքյաշների արտաշատյան «գումարտակը» փայլուն կատարեց առաջադրանքը… Բա հետո՞: Դրանից Սերժ Սարգսյանի իշխանությունը ավելի լեգիտի՞մ է դառնալու, ռեժիմի նկատմամբ համընդհանուր ատելություն թուլանալո՞ւ է, կրիմինալ ռազբորկաները պակաս արյունալի՞ են դառնալու: Ժողովրդի սոցիալական վիճակը լավանալո՞ւ է, ղարաբաղյան բանակցություններում հայկական կողմի դիրքերն ամրապնդվելո՞ւ են»:

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Եթե դու չես խոստանում դիմացինիդ ոչնչացնել եւ ասում ես, որ ահա այս ծրագրով ցանկանում ես շտկել ահա այս թերությունները, ապա այդ ձեւով չես կարող մոբիլիզացնել բողոքական ընտրազանգվածը. միշտ էլ կգտնվի ավելի արմատական ընդդիմադիր խումբ, որն այդ զանգվածին կասի՝ «այս ծրագիր առաջարկողը գրպանային ընդդիմություն է, իշխանության դրածոն է, եւ, ուրեմն, առաջ, ընկերներ՝ դեպի բարիկադներ», եւ մարդիկ կգնան հենց այդ խմբի հետեւից: Քանի որ բողոքական զանգվածը Հայաստանում մեծամասնություն է կազմում, ապա ընդդիմությունը մեր երկրում կարող է լինել միայն ռադիկալ, այլ ձեւի չի կարող լինել»:

«Հրապարակ» թերթը պնդում է. - «Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մարզերից Երեւան է գործուղել մի մեծ խումբ ճանապարհային ոստիկանների: Այս գործուղման իմաստն այն է, որ մարզերի տեսուչները, չճանաչելով օլիգարխների ու տարբեր հոռացած պաշտոնյաների մեքենաների պետհամարանիները, առանց կոմպլեքսի կանգնեցնեն ու տուգանեն խախտում անողներին: Սակայն, կարծում ենք, դա կտեւի մինչեւ առաջին ծեծը, երբ որեւէ հղփացած օլիգարխի զավակ «քացու տակ» կգցի մի ոստիկանի: Դրանից անմիջապես հետո ներմուծված ոստիկանները անգիր կանեն բոլոր համարանիշները եւ կխելոքանան»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG