Մատչելիության հղումներ

Դավիթ Շահնազարյանը համոզված է, որ հունիսի 20-ի հանրահավաքը բազմամարդ է լինելու


Համաժողովրդական շարժման անդամ, Ազգային անվտանգության վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը վստահ է, որ չնայած իշխանությունների կողմից գործադրվող ջանքերին, հունիսի 20-ին Մատենադարանին հարող տարածքում անցկացվելիք հանրահավաքը բազմամարդ է լինելու:

Հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը Շահնազարյանը պնդեց, որ Համաժողովրդական շարժման ակտիվիստները կանչվում են ոստիկանության բաժիններ` «բացատրական» զրույցների: Այդ նպատակով, ըստ Շահնազարյանի, «քաղաքական հրահանգ է իջեցված»:

«Գրեթե բոլոր մարզերում ոստիկանները ակտիվիստներին, շարժման ներկայացուցիչներին, հանրահավաքների եւ շարժման բոլոր միջոցառումների ակտիվ մասնակիցներին, այսպես ասած` «հրավիրում» են զրույցների», - ասաց Դավիթ Շահնազարյանը` իր համակիրներին հիշեցնելով. - «[Ոստիկանություն կանչելու համար] Կա մեկ օրինական ձեւ. դա ծանուցագիրն է, եւ դուք իրավունք ունեք բանի տեղ չդնել նման բանավոր հրավերները»:

Այդուհանդերձ, Շահնազարյանի համոզմամբ, հունիսի 20-ի հանրահավաքը բազմամարդ է լինելու:

Հարցին, թե արդյոք իշխանությունները կրկին կօգտագործեն ոստիկանական ուժեր` արգելված հանրահավաքի անցկացումը թույլ չտալու համար, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ դա իշխանություններին չի հաջողվի, քանի որ «ոստիկանությունն էլ այսօր շատ լավ հասկանում է, որ իշխանություններն իրենց նաեւ որպես թիրախ են օգտագործում»: Դա, ըստ Շահնազարյանի, ակնհայտ դարձավ հենց մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ. - «Լուրջ հիմքեր ունենք կասկածելու, որ եղել են մարդիկ, որոնք կրակել են թե’ քաղաքացիների վրա, թե’ ոստիկանների վրա: Լուրջ հիմքեր կան պնդելու, որ մարտի 1-ին իշխանությունները նաեւ գործի են դրել դիպուկահարների (սնայպերների)»:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովում ստեղծված մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին, ապա Շահնազարյանն ասաց, թե որեւէ մեկը այն «լուրջ ընդունել չի կարող»:

«Սպանությունների կազմակերպիչները իրավունք չունեն իրենք նշանակելու քննության ինչ-որ հանձնաժողով», - ասաց նա` հավելելով. - «Մարտի 1-ը անհնար է թաքցնել, եւ մարտի 1-ը բազմակողմանի քննության պետք է ենթարկել... Պատասխանատուների ազգանուններն են նշվելու»:

Ազգային անվտանգության վարչության նախկին պետի համոզմամբ, այն ամենը, ինչ տեղի է ունեցել մարտի 1-ին, տեղի է ունեցել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով:

«Սպանությունները իրականացվել են անմիջապես Ռոբերտ Քոչարյանի հրահանգով», - հայտարարեց նա:

Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի կողմից 1609 բանաձեւի կատարմանն ու դրա վերաբերյալ եվրոպացի փորձագետների եզրակացությանը, Դավիթ Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ եթե Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մյուս շաբաթ կայանալիք նիստում Հայաստանի հարցով քննակումը հետաձգվի, ապա դա կնշանակի, որ Հայաստանում կատարվող իրադարձությունների համար պատասխանատվություն է կրելու նաեւ Եվրոպայի խորհուրդը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG