Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել Խավիեր Սոլանայի եւ Կարել դե Գուխտի հետ


Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպումներ է ունեցել Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար, Եվրոպական միասնական արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի եւ Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Սոլանայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են «արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի եւ Եվրամոիւթյան համագործակցությունը, Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, Հայաստանում հետընտրական զարգացումները, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Եվրամիության միասնական դիվանագիտության ղեկավարին տեղեկացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ներկա վիճակի մասին` Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:

«Վերահաստատվեց Հայաստանի կողմից, որ Հայաստանի իշխանությունները վճռական են` շարունակելու երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված բարեփոխումները: Նախարարը բավականին մանրամասն ներկայացրեց, թե ինչպիսի քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ: Կոնկրետ նշեց նախագահի կողմից նախաձեռնած քայլերը, հանձնաժողով ստեղծելու, հասարակական խորհուրդ ստեղծելու, ԱԺ-ի կողմից ներկայացված քայլերը նախարարը ներկայացրեց: Ընդհանրապես` իշխանությունների կողմից ձեռնարկվող բոլոր քայլերը», - «Ազատություն» ռադիոկայանին Բրյուսելից ասաց Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Կարել դե Գուխտի հետ զրույցի ընթացքում դրական գնահատական է տրվել երկու երկրների միջեւ դինամիկ զարգացող համագործակցությունը, նշվել է քաղաքական երկխոսությունը ակտիվացնելու կարեւորությունը, արդյունավետ է գնահատվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությունը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG