Մատչելիության հղումներ

Թերրի Դեյվիս. «Ա1+ հեռուստաընկերության գործով Եվրադատարանի վճիռը խոսքի ազատության հաղթանակն է»


Այսօր Ստրասբուրգում հրապարակվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեյվիսի հայտարարությունը Ա1+ հեռուստաընկերության գործով Եվրադատարանի վճռի կապակցությամբ, որում Դեյվիսը դատարանի վճիռը անվանել է «խոսքի ազատության հաղթանակ»:

«Հեռուստատեսությունը լուրջ ազդեցություն ունեցող լրատվամիջոց է: Կարգավորիչ մարմինների որոշումները` շնորհել, մերժել կամ հետ վերցնել հեռարձակման արտոնագրերը, կարող են անմիջական ազդեցություն ունենալ խոսքի ազատության վրա եւ հետեւաբար` ժողովրդավարության գործունեության վրա», - ասված է հայտարարությունում: - «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը վերջակետ է դնում Հայաստանի իշխանությունների կողմից Ա1+ հեռուստաընկերությանը հեռարձակման արտոնագիր տրամադրել հրաժարվելու երկարատեւ սագային: Վճիռը կայացվեց այն բանից հետո, երբ Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների բազմաթիվ կոչերը անտեսվել էին Հայաստանի իշխանությունների կողմից: Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններն իրավական պարտավորություն ունեն ենթարկվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին: Նրանք դա պետք է անեն առանց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իրենց պարտավորությունների մասին հիշեցումների»:

«Դատարանի որոշումը խոսքի ազատության հաղթանակն է: Այն նաեւ պետք է դաս լինի բոլոր այն կառավարությունների համար, որոնք հակված են կամայականորեն մեկնաբանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որը երաշխավորում է այս հիմնական ազատությունը», - իր հայտարարությունը եզրափակել է Թերրի Դեյվիսը:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG