Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ը «Այս փոքրիկ երկրում ժողովուրդը պետք է լավ ապրի» վերնագրի տակ հրապարակել է հարցազրույց Սոս Սարգսյանի հետ: Պատմական համեմատություններ կատարելով` Սոս Սարգսյանը եզրակացնում է. - «Հայոց իշխաններն իրար կերել են, իրար նախանձել են. նա ասել է՝ դու չես թագավոր, ես պիտի լինեմ։ Մյուսն ասել է՝ չէ, ես պիտի լինեմ։ Ինչպեսեւ կատարվում է այսօր, եւ մենք դարձյալ դրա ականատեսն ու վկան ենք»:

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Ինչպես է հայաստանյան հասարակությունը վերաբերվում թիվ 1609 բանաձեւին եւ երկուշաբթի կայանալիք՝ մեր ժողովրդավարությանը վերաբերող ստրասբուրգյան քննարկումներին: Այստեղ, հավանաբար, կա երկու չափազանցված մոտեցում. քաղաքական վերնախավի մի մասը կարծում է, որ դա համարյա թե երկրորդ Ավարայրի ճակատամարտն է, որը մոտակա տասնամյակների կտրվածքով որոշելու է մեր ազգի ճակատագիրը: Երկրորդ ծայրահեղությունն այն է, որ դա մոտավորապես Սիրուշոյի՝ «Եվրատեսիլում» հանդես գալու նման մի բան է. կհաղթի՝ կուրախանանք, չի հաղթի՝ առանձնապես չենք տխրի»:

«Եթե չլինեին միջազգային կառույցների ճնշումները, ամեն ինչ կգնար իշխանությունների որոշած սցենարով», - գրում է «Հրապարակ» թերթը` մանրամասնելով. - «Սերժ Սարգսյանը եւ նրա թիմը կշարունակեին «կառավարել» այնպես, ինչպես իրենք են պատկերացնում: Բայց չստացվեց. հետընտրական զարգացումներից հետո որքան անհեթեթ էին ձերբակալություններն ու կալանավորումները, այնքան էլ անհեթեթ են մարդկանց ազատ արձակելու կամ դատապարտելու հիմնավորումները: Իշխանությունը այլեւս չգիտի, թե իրավական ո՞ր հարցին ի՞նչ հիմնավորում տա, որ հետո Եվրախորհրդում տակից կարողանա դուրս գալ… Կարճ ասած` իրավիճակը հսկողությունից դուրս է գալիս, հետեւանքներն էլ գնալով դառնում են անկանխատեսելի»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Հիմնական խնդիրը, որն իշխանությունը ամեն կերպ ջանում է չտեսնել մարտի 1-2-ի իրադարձություններից հետո, Տեր-Պետրոսյանի ազատության մեջ գտնվելն է։ Առ այսօր այդպես էլ անհասկանալի է մնացել, թե ինչո՞ւ պատասխանատվության չենթարկվեց զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը, որոնց հետեւանքով տասը հոգի զոհվեց եւ հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին։ Ինչ է, դժվա՞ր էր ապացուցել, որ ձախողված հեղաշրջման գործող անձինք կատարում էին Տեր-Պետրոսյանի հրամանները։ Իհարկե՝ ոչ։ Ուրեմն ինչո՞ւ է նա ազատության մեջ… Եվ ի՞նչ։ Հունիսի 20-ից հետո՞ էլ Տեր-Պետրոսյանը կմնա ազատության մեջ։ Տա՛ Աստված, իհարկե, որ ոչ ոք չտուժի, բայց չէ՞ որ չարտոնված միտինգի անցկացման համար օրենքը արդեն իսկ նախատեսում է պատասխանատվության ենթարկել կազմակերպիչներին։ Եվ եկեք չմոռանանք, որ հունիսի 20-ով, բնականաբար, այդ ամենը չի ավարտվի։ Կլինի, ասենք, հուլիսի 11, նաեւ օգոստոսի 1, եւ այդպես շարունակ։ Դա ինչ է. տոն, որը միշտ մեզ հե՞տ է»։

«Ծիծաղ առաջացրեց Մատենադարանի տարածքում հանրահավաքը մերժելու պատճառաբանություն, թե «առկա են հավաստի տեղեկություններ, որ հանրահավաքի ընթացքում մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող…» եւ այլն», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Ստացվում է, որ նույն կազմակերպիչները Մատենադարանի մոտ ագրեսիվ են տրամադրված լինելու, իսկ «Հրազդան» մարզադաշտի մոտ` խաղաղասիրաբար»: «Այս ռեժիմը ոչ թե հանրահավաքների «ագրեսիվ ընթացքից» է վախենում (այդպիսի ընթացքը բացառված է), այլ հենց հանրահավաքի փաստից: Ինչո՞ւ: Որովհետեւ եթե Ազատության հրապարակում 300 հազար մարդ է հավաքվում, դա նշանակում է, որ ժողովուրդը չի հանդուրժում այս իշխանություններին, եւ իշխանությունները չեն կարողանում վերահսկել իրավիճակը: Եվ հաջորդ պահին «ավազակապետական բուրգ» ասվածը սկսում է փլուզվել, որովհետեւ ոստիկանություն-չինովնիկական- պատժիչ համակարգ շղթայի օղակներն ընդվզում են ռեժիմի դեմ: Ռեժիմը հենց այս ընդվզումից է վախենում, դրա համար էլ ամեն ինչ անում է` համահայաստանյան հանրահավաքը ձախողելու համար»:

«Հայք»-ը փոխանցում է. - «Երեկ զավեշտալի իրավիճակ է ստեղծվել նախագահի նստավայրի մոտ: Իրացման գոտիների տուժած բնակիչները այնտեղ իրենց հերթական բողոքի ակցիան էին իրականացնում: Հավաքվել էր մոտ հարյուր մարդ` պահանջելով պատասխան տալ մեկ ամիս առաջ հանձնած նամակին: Անսպասելի նստավայրից դուրս եկավ Սերժ Սարգսյանը` թինազորի եւ արտասահմանցի հյուրերի ուղեկցությամբ: Մարդիկ, Սերժ Սարգսյանի ուշադրությունը հրավիրելու նպատակով, սկսեցին վանկարկել «պատասխան» եւ «արդարություն»: Սերժ Սարգսյանը, արտասահմանցի հյուրեին ֆռռացնելու համար, լայնորեն ժպտում էր եւ հավաքվածեին ձեռքով ողջունում: Այդպիսով, արտասահմանցիների մոտ նա ցանկանում էր տպավորություն ստեղծել, իբր ժողովուրդը գոհ է, երջանիկ ու այնքան է պաշտում իր նախագահին, որ առավոտից երեկո հերթապահում է նստավայրի դարպասների մոտ` գոնե մեկ ակնթարթ տեսնելու եւ ողջունելու նպատակով: Դժվարանում ենք ասել, արտասահմանցի դիվանագետները հասկացա՞ն բլեֆը, թե՞ ոչ»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG