Մատչելիության հղումներ

«ԵԽԽՎ-ի բանաձեւի պահանջների կատարմանն ուղղված աշխատանքը գնահատում ենք անբավարար»


Հայաստանյան մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ այսօր տարածած հայտարարությամբ պնդում են, որ երկրի իշխանությունները բավարար աշխատանք չեն կատարում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1609 բանաձեւի պահանջների կատարման ուղղությամբ:

«Հայտարարում են, որ ԵԽԽՎ-ի թիվ 1609 բանաձեւի պահանջների կատարումը ՀՀ իշխանությունների կողմից կրում է իմիտացիոն բնույթ, ինչը վկայում է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքի բացակայության մասին: Ըստ այդմ` բանաձեւի պահանջների կատարմանն ուղղված աշխատանքը գնահատում ենք անբավարար», - ասված է հայտարարությունում: - «Մարտի 1-ի դեպքերի եւ դրանց հանգեցրած հանգամանքների առումով մինչեւ օրս չի իրականացվել անկախ հետաքննություն, եւ 10 զոհերի ու հարյուրավոր վիրավորների համար պատասխանատվության չի ենթարկվել ոչ ոք: «Անկախ, թափանցիկ եւ վստահելի քննություն» իրականացնելու գործը հանձնարարվել է հասարակական վստահություն չվայելող եւ իր հակաժողովրդավար բնույթը բազմիցս ապացուցած Ազգային ժողովի` կոալիցիոն ուժերի մեծամասնությամբ կազմված կազմվող հանձնաժողովին»:

Հայտարարության հեղինակները գրում են նաեւ, թե «ազատ չեն արձակվել քաղաքական համոզմունքների համար կալանավորվածները», «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում «կատարվել են ընդամենը կոսմետիկ փոփոխություններ»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսելով Վենետիկի հանձնաժողովի կողմից հանրահավաքների անցկացմանը վերաբերող օրենքին տրված դրական եզրակացությանը, ասաց. - «Վենետիկի հանձնաժողովի մոտեցումը համարում եմ գործարք իշխանությունների հետ: Ցավոք սրտի, այստեղ քաղաքական գործոնները ավելի մեծ դեր ունեցան, քան զուտ ժողովրդավարական սկզբունքներին հետամուտ լինելը»:

Սաքունցը չբացառեց, որ «նույն քաղաքական գործարքի արդյունքում» Եվրախորհուրդը հետաձգի Հայաստանի կողմից 1609 բանաձեւի կատարման քննարկումը եւ մինչեւ աշուն ժամանակ տա Հայաստանի իշխանություններին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG