Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանը Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի հետ քննարկել է ԵԽԽՎ-ի բանաձեւի կատարման ընթացքը


Երեկ երեկոյան Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու ժորժ Կոլոմբիեն հանդիպել են Համաժողովրդական շարժման առաջնորդ Lեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը, ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԽԽՎ-ի թիվ 1609 բանաձեւի կատարման ընթացքն ու Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիները:

«Մենք հստակ շարադրել ենք մեր մոտեցումները: Մենք այժմ էլ գտնում ենք, որ ԵԽԽՎ-ի 1609 բանաձեւի պահանջները չեն իրականացվել, փոխարենը`քաղաքական քայլերի իմիտացիայի շարք է, որը որեւէ ռեալ ազդեցություն չի ունենում», - ասաց Արման Մուսինյանը:

Չնայած հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքում կատարված փոփոխություններին` Երեւանի քաղաքապետարանը արդեն երկրորդ անգամ մերժում է հունիսի 20-ին Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում հանրահավաք անցկացնելու ընդդիմության հայտը: Նախորդ շաբաթ Համաժողովրդական շարժումը քաղաքապետարանի այս որոշումը վիճարկել էր դատարանում: «Ակնկալվում է, որ այսօր Երեւանի վարչական դատարանը կհրապարակի իր վճիռը խնդրի կապակցությամբ», - հայտնեց Lեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակը` հավելելով. - «Վարչական դատարանի որոշմանը սպասում են ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչները, այլեւ եվրոպական կառույցները»:

«Մեզ անհրաժեշտ է տեսնել, թե արդյո՞ք Հայաստանի դատարանները իսկապես կհետաքննեն այն հիմնավորումները, որոնցով իշխանությունները պատճառաբանում են, օրինակ, հունիսի 20-ի հանրահավաքը Ազատության հրապարակից մեկ այլ վայր տեղափոխելու որոշումը», - երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում նշեց Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական համագործակցության բաժնի ղեկավար Սիմոնա Գրանատա-Մենգինին:

«Իմ համոզմամբ, իշխանությունները պետք է հաշվի առնեն այս կամ այն հանրահավաքի կարեւորությունը, այդ թվում նաեւ քաղաքական կարեւորությունը: Ցանկացած հանրահավաք չէ, որ կարող է կարեւոր համարվել` մյուսն արգելելու համար», - ասաց Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչը:

Անդրադառնալով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված վերջին փոփոխություններին` եվրոպացի փորձագետն ընդգծեց. - «Օրենքը, որ հիմա կա` լավն է: Բայց եթե այն վատ կիրառվի, Հայաստանում հավաքների ազատություն չի լինի: Սրանում կասկած չկա»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG