Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը վերլուծում է. - «Այն վիճակը, որում հայտնվել է Հայաստանը, թերեւս ամենից լավ կբնութագրի մեկ բառ՝ քաոս: Կա ամեն վայրկյան ինչ-որ բանի սպասող եւ ամեն ինչի պատրաստ ժողովուրդ, կա այս ժողովրդին կառավարել փորձող շարժում եւ կա ուշի ուշով թամաշա անող մեծ աշխարհ: Ավելի լավ քաոս չի լինում: Եվ բոլորը սպասում են եւ չգիտեն ինչ անել: Սերժ Սարգսյանն, օրինակ, լավ չի կողմնորոշվում՝ ինչ անել. նա մի կողմից մարդկանց բռնում է, մյուս կողմից՝ բաց թողնում, մի կողմից հանրահավաք չի արտոնում, մյուս կողմից՝ Հանրային խորհուրդ է ստեղծում, մի կողմից բռնապետ է խաղում, մյուս կողմից՝ բարեփոխիչ, մի կողմից ուզում է վախեցնել, մյուս կողմից՝ սիրաշահել: Այսպես Սերժ Սարգսյանի նմաններն իրենց կարող են պահել միայն քաոսային իրավիճակներում»:

«Առավոտ»-ը իր խմբագրականում կարծիք է հայտնում. - «Չափազանց դժվար, եթե չասենք՝ անհնար է քիչ թե շատ խելամիտ բացատրություն գտնել ընդդիմության նախատեսած հունիսի 20-ի հանրահավաքը չարտոնելու՝ ՀՀ իշխանությունների որոշմանը: Առարկությունը, թե այդ միջոցառումը կարող է անցկացվել «Հրազդան» մարզադաշտի մերձակայքում, ոչ մի քննություն չի բռնում. նույն հաջողությամբ ընդդիմությանը կարող էր առաջարկվել հանրահավաք անցկացնել «Պռոշյան» սովխոզի մոտ կամ, ասենք՝ Դալմայի այգիներում: Ազատության հրապարակի հանրահավաքն արգելողները հրաշալի գիտեն, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության սկզբնավորումը խորհրդանշվում է հատկապես այդ հրապարակում կայացած երբեմնի հանրահավաքներով, եւ նրանցից շատերն էլ, ընդ որում, անձնապես են մասնակցել կոմունիստական վարչակարգի դեմ ուղղված ու այդ վարչակազմի կողմից բոլորովին էլ չարտոնված ցույցերին»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Հեղափոխականները խորին կսկիծով հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանը մերժել է իրենց հայտը՝ չարտոնելով հունիսի 20-ին նախատեսված միտինգն ու երթը։ Հետաքրքիր է, ինչո՞ւ են սրանք ձեւեր թափում՝ լացուկոծ դրած հայոց աշխարհին ծանուցելով, թե արդեն 44-րդ մերժումն են ստացել։ Իրոք, հետաքրքիր է, զանգվածային անկարգությունների հարգարժան կազմակերպիչներ, հրահրողներ ու կատարողներ, ի՞նչն է ձեզ այդչափ վրդովեցրել։ Չէ որ դեռ մինչ հայտ ներկայացնելը արդեն վճռել էիք եւ երեկվա հայտարարությամբ էլ վերահաստատում եք ձեր վճռականությունը։ Այն է՝ հունիսի 20-ի միտինգը տեղի է ունենալու «ամեն դեպքում», «անկախ ամեն ինչից», «ցանկացած պարագայում» եւ «ցանկացած եղանակի»։

Խորհրդարանի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը «Հրապարակ» թերթում փաստում է. - «Նրանց թույլատրելի է խաղաղ ցուցարարներին գնդակահարելու համար ճակատամերձ շրջաններից հատուկ ջոկատայիններ բերել Երեւան եւ Կիպրոսում սովորող հայաստանցի ուսանողների դժգոհությանն ի պատասխան անամոթաբար ստել` եթե այդպես չանեինք, օտար զորք էր մտնելու Հայաստան: Նրանց թույլատրելի է էժան գնով Երեւանի բաշխիչ էլեկտրացանցերը սեփականացնել եւ մի տարի անց մի քանի անգամ թանկ գնով վերավաճառել ուրիշին, բանկային համակարգին տիրել, Հայաստանի աշխարհահռչակ պղնձի հանքերը յուրացնել, Սարալանջում 1,8 հեկտար հող զավթել, Նորքի բարեբեր լանջերը մեջ-մեջ անել, հետն էլ` անհաջող բարեւի համար հրապարակավ Պողոս Պողոսյանին սպանել, հոկտեմբերի 27-ի հանցագործներին համաներման կարգով անպարտ ճանաչել, ասպիրանտների զորակոչի դեմ հանդես եկող անմեղ երիտասարդին զորանոցում խոշտանգելով սպանել: Նրանց ամեն ինչ թույլատրելի է, որովհետեւ, բռնությունից բացի, նրանք ունեն կարեւոր հենարան` մարդիկ, ովքեր` հանուն անձնական բարեկեցության, աճուրդի են հանել համընդհանուր բարօրությունը, բոլորի ազատությունը, ազգի ու պետության շահը»:

«Ազգ». - «Լրագիր.AM» ինտերնետային կայքէջը երեկ տեղեկացրել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցն օրերս հրաժարականի դիմում է ներկայացրել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին: «Ազգի» աղբյուրները թեեւ չհաստատեցին այդ տեղեկությունը, սակայն միաժամանակ, առանց հերքելու, ավելացրին, որ վերջին համաժողովից հետո խմորումներ են սկսվել հիմնադրամի գործադիր վարչությունում, կապված սփյուռքահայ որոշ հոգաբարձուների դժգոհությունների հետ: Դժգոհությունների պատճառն Արցախի հյուսիս-հարավ մայրուղու 25 կիլոմետրանոց հատվածի, ինչպես նաեւ հիվանդանոցի շինարարության ձախողումն է: Բարերարները բողոքում են, որ նվիրատվությունների մի մասը փոխանակ նման ծրագրերի իրականացմանը հատկացվի, ծախսվում է պաշտոնյաների համար թանկանոց ջիփերի ձեռքբերման նպատակով»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG