Մատչելիության հղումներ

Արամ Կարապետյան. «Եթե քաղաքական ճնշումներ չլինեն, բոլոր քաղբանտարկյալները ազատ կարձակվեն»


«Եթե քաղաքական ճնշումներ չլինեն, ապա բոլոր քաղբանտարկյալները ազատ կարձակվեն, որովհետեւ իրավապահ մարմինները որեւէ օգուտ չունեն այս ամենից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:

Կարապետյանը, ով այսօր իր կուսակցության մի խումբ անդամների հետ ծաղիկներ դրեց Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանի պատվանդանին` ի նշան հարգանքի մարտի 1-ի զոհերի հիշատակին, կարծիք հայտնեց, որ «պետք է փնտրել այն մարդկանց, ովքեր հրամայել են կրակել, այն մարդկանց, ովքեր կրակել են, այն մարդկանց, ովքեր քարերը նետել են, այն մարդկանց, ովքեր ջարդել են, այն մարդկանց, ովքեր հրկիզել են, ովքեր գրավել են, ինչ-որ խանութներ են վերցրել-թալանել` նրանց պետք է փնտրել»:

Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ Արամ Կարապետյանն ասաց. - «Միանշանակ, ես երեք հարց կտայի. առաջինը` ի՞նչ իրավասություններ է ունենալու այդ հանձնաժողովը, երկրորդ` ինչքանո՞վ է նա անկախ, ի՞նչ իրավասություններ ունենալով, եւ, ժողովրդական խոսքով ասեմ` բանի տեղ դնելո՞ւ են այդ հանձնաժողովին, թե՞ ոչ»:

«Նոր Ժամանակներ»-ը, ըստ Կարապետյանի, այն կարծիքին է, որ ամեն ինչ պետք է անցնի խաղաղ, իսկ Հայաստանին պետք են համապետական նոր ընտրություններ: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ի թիվ 1609 բանաձեւի պահանջներին, ապա, ըստ կուսակցության ղեկավարի, «բանաձեւի որեւէ դրույթ` բացի կոսմետիկ, իմիտացիոն բնույթի քայլերից, մինչեւ այսօր խորքային լուծում չի ստացել` սկսած ցույցերի, հանրահավաքների մասին օրենքում փոփոխություններից»:

Նրա համոզմամբ, չնայած հունիսի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու` ընդդիմության հայտը մերժվեց, ժողովուրդը, այնուամենայնիվ, հանրահավաք անելու տեղ կգտնի. - «Եթե ժողովուրդը կարիք ունի հանրահավաք անելու, միանշանակ համոզված եմ` այդ հանրահավաքը լինելու է շատ խաղաղ, այդ հանրահավաքը կարող է սկիզբ դառնալ, հասկանում եմ իշխանությունների մտահոգությունը, սկիզբ դառնալ շարժման երկրորդ ռենեսանսի»:

Արամ Կարապետյանը մտադիր էր երեկոյան այցելել Հյուսիսային պողոտա, այնուհետեւ Եռաբլուր` հանդիպելու հացադուլավորներին: Այդուհանդերձ, հորդորել հացադուլավորներին` դադարեցնել ակցիան, «Նոր ժամանակներ»-ի ղեկավարը չի պատրաստվում. - «Ես ինքս, եթե վիճակս նորմալ լիներ, իրենց կմիանայի, կնստեի: Ես հորդորելու եմ շարունակել այնքան` հնարավորին չափ, իհարկե, չվնասել առողջությունը, մարդկային կորուստ չունենալ, բայց շարունակել այնքան` ճնշումը, քաղաքական ճնշումը, բարոյական ճնշումը, մինչեւ մեր ընկերները ազատ արձակվեն»:

«Նոր ժամանակներ»-ի առաջնորդը փետրվարի 24-ից նախնական կալանքում էր գտնվում «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, իսկ մայիսի 26-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումով փոխվել է Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով, հաշվի առնելով նրա առողջական վիճակը:

Նա մեղադրվում է սուտ մատնության հոդվածով, որում իրեն մեղավոր չի ճանաչում:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG