Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Ո՞րն է ճիշտը` ցանկանալ, որ հունիսի 23-ին Ստրասբուրգում Հայաստանին զրկե՞ն խոսքի իրավունքից, թե՞ ամեն ինչ անել, որ դա տեղի չունենա: Այդ հարցի միանշանակ պատասխան գոյություն չունի: Մի կողմից` եթե մեր երկրի դեմ պատժամիջոցներ չկիրառվեն, կնշանակի, որ մեր իշխանություններին հաջողվեց «թոզ փչել» եվրոպացիների աչքերին, համոզել, որ ժողովրդավարությունը մեզանում ծաղկում է: Հիմա պատկերացնենք, որ հունիսի 23-ին Հայաստանի դեմ պատժամիջոցներ, այնուամենայնիվ, կկիրառվեն: ՀՀ իշխանություններին, իհարկե, դա հասնում է: Բայց ակնհայտ է, որ նրանք այդ պատժամիջոցներից չեն առանձնապես չեն տուժելու` ոչ իրենց փողերից են զրկվելու, ոչ դղյակներից, ոչ էլ «ջիպերից»:

«Այնուամենայնիվ, ինչո՞ւ մերժվեց հանրահավաքի հայտը», - հարց է բարձրացնում «Չորրորդ իշխանություն»-ը: - «Ըստ երեւույթին, միակ տրամաբանական բացատրությունը հետեւյալն է` արտոնել հունիսի 20-ի հանրահավաքը, ռեժիմի համար կնշանակեր կապիտուլյացիա ստորագրել: Արտոնել հանրահավաքը` կնշանակեր համաձայնվել, որ մի քանի հարյուր հազար հոգի հավաքվեն Ազատության հրապարակում եւ պահանջեն հանցավոր ռեժիմի հրաժարականը: Բնականաբար այդ քայլից (ոչ թե բուն հանրահավաքից, այլ արտոնման մասին որոշումից հետո) Սերժ Սարգսյանի կողքին բառիս բուն իմաստով ոչ մեկը չէր մնա: Եվ արդեն մինչեւ հունիսի 20-ը բազմաթիվ ուժեր, իշխանական տարբեր թեւերի ներկայացուցիչներ, գործարարներ եւ այլն կհայտարարեին, որ հունիսի 20-ին լինելու են Ազատության հրապարակում: Այլ կերպ ասած, ավազակապետական բուրգը հաշված օրերի ընթացքում կփլուզվեր»:

«Երկխոսության միջոցով ներքաղաքական իրավիճակի բարելավման, ընդդիմության իրավունքների ընդլայնման իշխանության բոլոր փորձերը արժանանում են Տեր-Պետրոսյանի ու նրա քաղաքական թիմի կտրուկ հակազդեցությանը շատ պարզ պատճառով։ Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների շուրջ Տեր-Պետրոսյանի կողմից վարպետորեն խաղարկված քաղաքական մեծ բլեֆի բուն իմաստը ոչ թե իշխանությանը տիրանալու կամ էլ երկրի քաղաքական կյանքում ազդեցիկ դիրք ձեռք բերելու ձգտումն էր, այլ, քաղաքական լարվածությունը գագաթնակետին հասցնելով, իշխանությանը անլուծելի մարտահրավերների առջեւ կանգնեցնելու նպատակադրումը։ Հասնելով իրենց նպատակին՝ պառակտելով ու բեւեռացնելով քաղաքական դաշտը, այժմ Տեր-Պետրոսյանն ու նրա քաղաքական թիմը հետապնդում են ընդամենը մեկ նպատակ՝ ամրագրել թշնամանքի ու բեւեռացման իրողությունները, դրանց հիման վրա Հայաստանին դնել արտաքին ճնշումների շարունակման ու ներքին անկայունության մեծացման իրողության առջեւ»:

«Տարեգիր»-ը գրում է. - «Մենք ունենք ողորմելի մտավորականություն: Սա ո’չ բառախաղ է, ո’չ էլ քաղաքական դեմարշ: Սա իրողությունն է, ցավալի իրականաություն: հայ մտավորականը մշտական կարիքի մեջ գտնվող, «լավ տղերքի» կողմից ծաղրված ու արհամարհված, ժողովրդի կողմից` մոռացված, իշխանություններին մշտապես սապոնվող ու բոմժի պես մուրացող անձն է: Նրանցից (խոսքը, այսպես ասած, անվանիների մասին է) միայն մի քանիսը կարողացան պատառոտել մտավորականին փաթաթած ցանցը. ժողովրդի հետ ըմբոստացան, ծեծվեցին, հայտնվեցին բանտում, դատվեցին… Իսկ մյուսնե՞րը: Նրանք դեռ հաշվում են. Լեւո՞նն է լավ, թե՞ Սերժը: Իրենց համար, իհարկե: Այս բանաձեւի պատասխանը մեկն է. լավ է այն մեկը, որ այդ պահին նախագահում է»:

«Ազգ»-ը շարադրում է. - «Նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր էլեկտորալ գրեթե ողջ (մի քանի հարյուր հազար ընտրողներից բաղկացած) դաշտը անցել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հսկողության տակ, կարծում եմ, ՀՀ իշխանություններին բնավ էլ դուր չի գալիս, քանի որ 2007 եւ 2008 թվականների ընտրությունները, ի վերջո, վերջինը չեն: Եվ իշխանությունները նախաձեռնելով Հանրային խորհրդի ստեղծումը, փորձելու են ազդել այս հանգամանքի վրա: Մասնավորապես ենթադրում եմ, որ Հանրային խորհրդում կընդգրկվեն «կառուցողական ընդդիմության» ներկայացուցիչները, որոնց՝ Հանրային խորհրդում հնչեցրած «բոցաշունչ» քննադատությունը, կարելի է չկասկածել, «ժամերով» հեռարձակելու են ՀՀ հեռուստաընկերությունները: Նպատակը՝ նոր ընդդիմության իմիտացիա ստեղծելով ընդդիմադիր էլեկտորատի մի մասին դուրս բերելն է «լեւոնականների» վերահսկողությունից»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG