Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը միջազգային կինոփառատոն է անցկացնում


Այսօր Նյու Յորքում մեկնարկում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած միջազգային կինոփառատոնը:

Փառատոնի ծրագրում ընդգրկված է 27 ֆիլմ: Դրանք պատմում են աշխարհի տարբեր ծայրերում մարդու իրավունքների խախտումների, դրանք կանխելու` իրավապաշտպանների փորձերի մասին:

«Խիզախ ռեժիսորների օգնությամբ մենք պատմում ենք աշխարհի տարբեր պետություններում գործող իրավապաշտպանների հերոսական ջանքերի մասին», - նշում են փառատոնի կազմակերպիչները:

Առաջին ժապավենը, որը կցուցադրվի այսօր երեկոյան` Lինքոլնի անվան կենտրոնում, Չիլիում գեներալ Աուգուստո Պինոչետի իրականացրած հեղաշրջման մասին պատմող «Խոստում հանգուցյալներին» վավերագրական ֆիլմն է:

«Ցանկացած չիլիացու հիշողության մեջ սեպտեմբերի 11-ը կապված է ոչ թե ամերիկյան ողբերգության, այլ 1973 թվականին նույն այդ օրը մեկնարկած հեղաշրջման հետ, որի ընթացքում հազարավոր մարդիկ զոհվեցին», - նշում է ֆիլմի գլխավոր հերոսը` Միացյալ Նահանգներում բնակվող չիլիացի բանաստեղծ, ռեժիսոր եւ իրավապաշտպան Արիել Դորֆմանը:

Ինքը Դորֆմանը այս փառատոնին վավերագրական մի ֆիլմ է ներկայացրել` նվիրված Lոնդոնում բնակվող իրաքցի վտարանդիների ճակատագրին: Ֆիլմում Դորֆմանը օգտագործել է պանդխտության մասին սեփական բանաստեղծությունները, որոնք ընթերցում են U2 ռոք-խմբի մենակատար Բոնոն, դերասանուհի Էմմա Թոմփսոնը, բրիտանացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարոլդ Փինթերը:

Շվեյցարացի ռեժիսոր Էրիկ Բերգքրաութի «Նամակ Աննային» վավերագրական կինոնկարը նվիրված է 2006 թվականին սպանված ռուսաստանցի լրագրող Աննա Պոլիտկովսկայային: Ֆիլմի հեղինակը փորձել է Պոլիտկովսկայայի սպանության սեփական հետաքննությունն անցկացնել` դրան զուգահեռ զրուցելով լրագրողուհու գործընկերների եւ մտերիմների հետ: Կինոնկարի տեքստը կարդում է աշխարհահռչակ Սյուզան Սարանդոնը:

Հետխորհրդային տարածքի պետություններին վերաբերող այլ ժապավեն փառատոնի ծրագրում ընդգրկված չէ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG