Մատչելիության հղումներ

Սերգեյ Մարկեդոնով. «Նախագահների հանդիպման ամենադրական արդյունքը ինքնին հանդիպումն է»


«Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալության երեւանյան գրասենյակում այսօր կազմակերպված հեռուստակամուրջը` Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի վերլուծաբանների մասնակցությամբ, վերածվեց փոխադարձ մեղադրանքներ, պատմական իրողությունների տարբեր մեկնաբանություններ հնչեցնելու հերթական առիթի:

Ըստ Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծությունների կենտրոնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի, քանի դեռ երկու երկրներում հասարակությունները պատրաստ չեն փոխզիջման, քանի դեռ նման փոխզիջման իրական կարիքը չի զգացվում հասարակությունների ներսում, նախագահների հանդիպումները եւ բազմաթիվ բանակցությունները որեւէ արդյունքի չեն բերի:

Մարկեդոնովը ասաց, թե չի տեսնում «նույնիսկ 2-3 կետ, որոնց շուրջ կողմերը պատրաստ են փոխզիջման»: Այս տեսանկյունից, ըստ ռուսաստանցի քաղաքագետի, «նախագահների [Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի] հանդիպման միակ դրական արդյունքը ինքնին հանդիպումն է»:

«Խոսել ինչ-որ ճեղքումների մասին չի կարելի, բայց ավելի լավ է, որ կողմերը հանդիպեն, քան ծայրահեղ միջոցների դիմեն», - հավելեց Մարկեդոնովը:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ասիմ Մոլազադեն ասաց, որ «ընդհանուր առմամբ հոռետեսորեն է տրամադրված». - «Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը դոփում է տեղում»:

Ադրբեջանցի պատգամավորը բանակցային գործընթացի «իմիտացիայի» համար մեղադրեց հայկական կողմին:

Հայաստանի քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ` ստեղծված իրավիճակի «կտրուկ փոփոխության» պատրաստ չէ կողմերից ոչ մեկը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG