Մատչելիության հղումներ

Կալանավորված պատգամավորների պաշտպանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան


Ազգային ժողովի կալանավորված պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իր պաշտպանյալների կալանքի ժամկետը երկարացնելու դեմ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

Հակոբ Հակոբյանը եւ Մյասնիկ Մալխասյանը կալանավորվել են իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգությունների մեղադրանքով:

Մելանյա Առուստամյանի կարծիքով՝ նախաքննական մարմինը չի հիմնավորել իր պաշտպանյալների կալանքի ժամկետը երկարացնելու պատճառները:

«Ավելորդ ձգձգում են ապօրինի կալանքի ժամկետը: Ազատության մեջ մնալով, Ազգային ժողովի պատգամավորները չեն կարող խոչընդոտել նախաքննական մարմնի աշխատանքներին», - ասաց Մելանյա Առուստամյանը:

Նրա կարծիքով՝ եթե Վերաքննիչ դատարանի օրինակով Վճռաբեկ դատարանն էլ անփոփոխ թողնի առաջին ատյանի դատարանի որոշումները, կալանավորված պատգամավորները, ամենայն հավանականությամբ, կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Մյասնիկ Մալխասյանը կալանավորվել է մարտի 2-ին, իսկ Հակոբ Հակոբյանը` մարտի 3-ին: Ապրիլի վերջին երկարացվել էր նրանց կալանքի տակ պահելու ժամկետը, որը ավարտվում է հուլիսի սկզբին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG