Մատչելիության հղումներ

Բաքվում կայանալիք օմբուդսմենների միջազգային կոնֆերանսին Հայաստանի օմբուդսմենը հրավիրված չէ


Հունիսի 18-19-ը Բաքվում անցկացվելու է օմբուդսմենների միջազգային 6-րդ կոնֆերանսը, որին մասնակցելու հրավեր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը չի ստացել:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Արմեն Հարությունյանը, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը «միակ օմբուդսմենն է, որի հետ համագործակցություն չի լինում». - «Ընդ որում` միակողմանի չի լինում, որովհետեւ երբ մենք նմանատիպ միջոցառում ձեռնարկել էինք անցած տարի Երեւանում, եւ մոտ 40 երկրների օմբուդսմեններ էին եկել, ես Ադրբեջանի օմբուդսմենին հրավիրել էի, բայց նա չէր եկել»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի խոսքերով` իր մոտեցումն այն է, որ գոնե օմբուդսմենների մակարդակով «պետք է քաղաքականությունը մի կողմ դնել, բայց կարծես թե Ադրբեջանի օմբուդսմենը նույն քաղաքականությունն է վարում, ինչ Ադրբեջանի մնացած պաշտոնյաները»:

Արմեն Հարությունյանը կանխատեսեց, որ Բաքվում կայանալիք կոնֆերանսին «Ադրբեջանի օմբուդսմենը մեկ անգամ եւս Ադրբեջանի մարդու իրավունքների հիմնական պրոբլեմը կներկայացնի` կապված ղարաբաղյան խնդիրների հետ»: «Նույն խնդիրներն էլ մենք ունենք` ե’ւ փախստականների, ե’ւ կորած անձանց եւ այլն, այդ խնդիրները մենք բարձրացնում ենք: Բայց ես` որպես օմբուդսմեն, երբեք դա քաղաքական կոնտեքստով չեմ բարձրացնում, այլ համամարդկային արժեքների կոնտեքստով եմ բարձրացնում», - ընդգծեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելիք կոնֆերանսին մասնակցելու են Եվրամիության մարդու իրավունքների հանձնակատարը, Եվրոպայի եւ ԱՊՀ-ի մի շարք երկրների օմբուդսմեններ:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG