Մատչելիության հղումներ

Մակեյանը, Զաքարյանը եւ Սաղաթելյանը հրաժարվում են մասնակցել դատավարությանը


Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ երեկ շարունակվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանի, ազատամարտիկ Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի նկատմամբ դատավարությունը, ամբաստանյալները հրաժարվեցին մասնակցել դատական նիստերին` նույնպիսի կոչով դիմելով իրենց փաստաբաններին:

«Մենք` քաղաքական բանտարկյալներս, հայտարարում ենք. քանի դեռ չեն վերանայվել մայիսի 29-ի եւ հունիսի 6-ի դատական նիստերի ապօրինի, քաղաքական որոշումները ու չի ընդունվել իրավական վճիռ եւ չի փոխվել մեր խափանման միջոցը, մենք հրաժարվում ենք դատավարությանը հետագա մասնակցություն ունենալ եւ նույնը խնդրում ենք մեր պաշտպաններից», - դատարանում հայտարարեց Պետրոս Մակեյանը:

Մայիսի 29-ին եւ երեկ կայացած նիստերում դատարանը մերժեց ամբաստանյալների փաստաբանների միջնորդությունները խափանման միջոցը (կալանքը) փոխելու վերաբերյալ:

Մակեյանը, Զաքարյանը եւ Սաղաթելյանի կալանավորվել են նախագահական ընտրությունների օրը ընտրական հանձնաժողովի աշխատանքը խանգարելու մեղադրանքով:

Երեկվա նիստում ամբաստանյալների փաստաբաններ Հովիկ Արսենյանի եւ Գրիշա Մանուկյանի` խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները մերժելուց հետո, դատավոր Վահե Խալաթյանը մերժեց նաեւ Հովիկ Արսենյանի երկրորդ միջնորդությունը, որը վերջինս ձեւակերպեց հետեւյալ կերպ. - «Մերժեցիք մեր միջնորդությունը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ եւ կայացվել է որոշում, որով կոնկրետ ինձ իրավունք եք վերապահել, որ հնգօրյա ժամկետում այդ որոշումը կարող եմ բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանում: Ես օգտվում եմ այդ իրավունքից եւ միջնորդում եմ, որպեսզի այս դատական նիստի դատավարությունը կասեցվի, մինչեւ Վերաքննիչ դատարանը վերաքննության կարգով այս որոշմանը ընթացք կտա»:

Ամբաստանյալների` դատական նիստերին մասնակցելուց հրաժարվելուց հետո նիստն ավարտվեց: Պարզ չէ, թե այն երբ կշարունակվի:


Սաթենիկ Վանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG