Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը պատրաստ է շարունակել ղարաբաղյան բանակցությունները»


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

«Հայկական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա», - ասաց նախարարը իր առաջին ասուլիսում:

Նրա վկայությամբ՝ այդ առաջարկները համանախագահների եւ հակամարտող կողմերի երկարատեւ ջանքերի արդյունքն են:

Անդրադառնալով նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի առաջին հանդիպման շեմին Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարություններին, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից շփման գծում վերջին մոնիտորինգի տապալման փաստին` Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ պետք է «զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են խոչընդոտել բանակցությունները»:

Էդվարդ Նալբանդյանը «շանտաժի մի ձեւ» որակեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի` նախօրեին արած հայտարարությունը, որ «եթե Հայաստանը առանց որեւէ նախապայմանի կարճ ժամանակում իր զորքերը դուրս չբերի գրավյալ տարածքներից, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից»:

«Այսպիսի հայտարարություններն են արդեն կոնտրոլից դուրս բերում իրավիճակը», - ասաց նա` հավելելով, որ ամեն նման հայտարարությանն արձագանքելը կնշանակի ավելի սրել իրավիճակը:

«Հանրային կարծիքը պետք է նախապատրաստել ոչ բանակցությունների ավարտին, այլ դրանից շատ առաջ», - նշեց նախարարը: Նրա համոզմամբ, մինչդեռ, ադրբեջանական պրոպագանդայի արդյունքն է, որ այժմ, ըստ հարցումների, ադրբեջանցիների 29 տոկոսը կողմ է խնդրի ռազմական ճանապարհով լուծմանը:

Խոսելով ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգում կայանալիք նախագահների հանդիպման մասին, Նալբանդյանը նշեց, որ հայկական կողմը այդ հանդիպմանն է գնում բանակցությունները շարունակելու տրամադրվածությամբ: Նրա կարծիքով՝ եթե Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո հայտարարվի, որ բանակցությունները շարունակվում են, դա արդեն կարելի է դրական արդյունք համարել, քանի որ պետք չէ ակնկալել, որ առաջին հանդիպումից հետո կհայտարարվի, որ «վաղը պետք է փաստաթուղթ պատրաստվի եւ ստորագրվի»:

Արտգործնախարարը կանխատեսեց, որ երկու նախագահների առաջին հանդիպումը ճանաչողական է լինելու:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG