Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, երեկ Սասուն Միքայելյանին կարճ ժամանակով ոստիկանության հսկողության տակ դուրս են թողել քրեակատարողական հիմնարկից, ուրբաթ օրը մահացած եղբոր` Սարգիս Միքայելյանի հուղարկավորությանը մասնակցելու համար: «Ըստ հրազդանցիների, Սասուն Միքայելյանի ծննդավայրում` Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում, մարդիկ շրջապատել են պատգամավորին եւ հայտարարել, թե թույլ չեն տա, որպեսզի ոստիկանները նրան հետ տանեն: Միքայելյանը մարդկանց հանդարտության կոչ է արել` հայտարարելով, որ ամեն ինչ լավ է լինելու», - գրում է թերթը:

«Սերժ Սարգսյանը ունի երկու ելք», - գրում է «Ժամանակ Երեւան»-ը` պարզաբանելով. - «Կա’մ նա համակերպվում Ռոբերտ Քոչարյանի ստվերի տակ նախագահ աշխատելուն, այդ դեպքում ճաշակելով խամաճիկության պերճանքն ու թշվառությունը` այն իմաստով, որ երբ Քոչարյանը ցանկանա, լավ բաները կվերագրվեն Սերժ Սարգսյանին, իսկ երբ չցանկանա, դրանք կհասցեագրվեն Քոչարյանի իմաստուն կառավարման շնորհիվ ստեղծված հիմքին, կա’մ էլ Սերժ Սարգսյանը պետք է ընտրի երկրորդ ելքը` ազնվորեն եւ համարձակությամբ ի ցույց դնի այն, ինչ երկրում տեղի է ունեցել վերջին 10 տարվա ընթացքում, եւ այդ ամենը ներկայացնի հանրության դատին: Իհարկե, Սերժ Սարգսյանի համար դա չափազանց բարդ է, քանի որ ինքը, եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակտո, մեծ մասնակցություն է ունեցել վերջին 10 տարվա իրադարձություններին: Սակայն այդ կապակցությամբ հանրության հարցադրումներին անկեղծ պատասխան տալը Սերժ Սարգսյանին գոնե կտա արժանապատվորեն հեռանալու հնարավորություն»:

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Քաղաքական «միջին խավի» ներկայացուցիչները գիտակցում են, որ վերջին նախագահական ընտրությունները կեղծված են, բայց ընդունում են նաեւ, որ ճիշտ նույն չափով կեղծվել են մնացած բոլոր ընտրությունների արդյունքները՝ սկսած 1995 թվականից: Նրանք գիտակցում են նաեւ, որ այս պահին կան մի քանի տասնյակ մարդիկ, որոնք ազատազրկված են միայն քաղաքական գործունեություն ծավալելու կամ քաղաքական դիրքորոշում հայտնելու համար: Նրանք հասկանում են նաեւ, որ մարտի 1-ի զոհերը իշխանության խղճին են: Բայց այդ մարդիկ պատրաստ չեն հենց հիմա գցվել բարիկադների վրա, ամեն մի երկրորդ բառից հետո օգտագործել «ավազակապետություն» բնորոշումը եւ հակված չեն պնդելու, որ իրենց պես չմտածողն եւ չգործողը «Սերժի գործակալն» է»:

«Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները ամեն ինչ անում են մարտի 1-ի անկարգությունների հետ կապված դատավարությունները շոուի վերածելու, այդ գործով անցնող մեղադրյալներին էլ «քաղբանտարկյալի» կարգավիճակ շնորհելու համար», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը։ - «Եվ ահա ՀՀՇ-ն դիմում է իր կողմից բազմիցս փորձարկված նախահարձակ լինելու եղանակին՝ ամեն կերպ ճնշում գործադրելով վկաների, մեղադրողների եւ, ի վերջո, դատարանի նկատմամբ։ Նրանք էն գլխից են սերտել՝ պաշտպանության լավագույն միջոցը հարձակումն է, ուստի ՀՀՇ-ն զինված նախահարձակ լինելու իր զինանոցով է դատարան ներկայանում՝ հարայ-հրոցով, դատավորներին ուղղված վիրավորանքներով, անգամ իրենց մեղքն ընդունած մարդկանց ուղղված ծանակումներով, ճնշումներով եւ սպառնալիքներով»։

«Հայկական ժամանակ»-ը շարադրում է. - «Մարդը թողնում է իր ընտանիքը եւ մեկնում արտագնա աշխատանքի: Ստացած եկամտի մեծ մասը ուղարկում է Հայաստանում մնացած իր ընտանիքին, ընտանիքն էլ այդ փողը ծախսում է, ու դրանից գոյանում մեր համախառն ներքին արդյունքը: Որքան շատ է ծախսում, այնքան մեծանում է մեր ՀՆԱ-ն: Որքան մեծանում է ՀՆԱ-ն, այնքան իշխանությունը սկսում է ինքնագովեստներով զբաղվել: Որքան շատ է ինքնագովեստներով զբաղվում, այնքան տնտեսությունը գահավիժում է: Որքան գահավիժում է, այնքան շատ մարդ է գնում արտագնա աշխատանքի` իր ընտանիքի հոգսը հոգալու նպատակով: Որքան շատ են գնում, այնքան շատ են փող ուղարկում… Մի խոսքով, Հայաստանը ընկել է մի կախարդական շրջանի մեջ, որից դուրս գալու հեռանկարները այս իշխանության օրոք բացարձակպես չեն երեւում»:

«Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, թե անպայման մասնակցելու է քաղաքապետի հաջորդ ընտրություններին, որովհետեւ ինքը «արյուն է թափել այս քաղաքի համար», - փոխանցում է «Չորրորդ իշխանություն»-ը` մեկնաբանելով. - «Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվելու լինենք, ապա Վարդան Ղուկասյանը պիտի Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցի «ընտանյոք հանդերձ», որովհետեւ, որքան հիշում ենք, նրա ազգականներն էլ են ժամանակ առ ժամանակ «արյուն թափում»` եթե ոչ այդ քաղաքի համար, ապա գոնե այդ քաղաքի փողոցներում»:

Մեր շոու-բիզնեսը, ըստ «Հայք»-ի, այն աստիճան քաղաքականացված է, որ «վերարտադրում է քաղաքական համակարգին բնորոշ բոլոր արատները». - «Մեր էստրադայի որեւէ երգիչ նույնիսկ մտքով չի կարող անցկացնել` երգել ընդդիմության հանրահավաքներին: Նրանց տեղը միայն Սերժ Սարգսյանի կողքին է, այլընտրանք նրանց թողնված չէ: Հակառակ դեպքում բազմաթիվ դռներ կփակվեն նրանց առջեւ, դահլիճներ չեն տրամադրվի, ձայներիզները կհանվեն վաճառքից եւ այլն... Այս զավեշտի ողջ ողբերգությունն այն է, եր ձեւավորվել է մի համակարգ, որը փակում է իսկական տաղանդների մուտքը շոու-բիզնես»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG