Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Քաղաքագետ Մանվել Սարգսյանը «Հրապարակ» թերթում վերլուծում է. - «Սերժ Սարգսյանը թերեւս չէր էլ սպասում, թե ինչ գնով է Քոչարյանը ստիպված լինելու իրեն նստեցնել նախագահի աթոռին: Հազիվ թե սպասեր նաեւ, որ Հանրապետական կուսակցության քաղաքական պոտենցիալը իր պառլամենտական մեծամասնությամբ ինչպիսի օճառե պղպջակի է վերածվելու` հենց որ նրա ճանապարհին ելներ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դա արդեն հետո պարզ դարձավ բոլորին, որ ոչ մի օրինական տեխնոլոգիայով հնարավոր չէ Սերժ Սարգսյանին նստեցնել Հայաստանի նախագահի աթոռին: Այդ աթոռը պետք է վերցվեր ուժով, իսկ ուժը գտնվում էր Ռոբերտ Քոչարյանի ձեռքին, քանի որ այն կիրառելու իրավունք ուներ միայն նա… Քոչարյանին արժե մտորել` արժե՞ր արդյոք հանուն ուրիշի ժողովրդին գնդակահարել Երեւանի փողոցներում»:

«Քաղաքական դատավարությունների ընթացքում արձանագրված ընդհանրությունը այն է, որ մի քանի գործերով որպես քաշքշված ոստիկան անցնում է միեւնույն անձը», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ասենք, կան դեպքեր, երբ միեւնույն ոստիկանը երեք ժամում հասցրել է երեք անգամ քաշքշվել, յուրաքանչյուրը` 15-20 րոպե տեւողությամբ, եւ այդ ընթացքում նույն ոստիկանը նույնքան մարդու բերման է ենթարկել ոստիկանություն` իրեն երկարատեւ «քաշքշելու» համար»:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Կոստանդյանը «Հայոց Աշխարհ» թերթում կարծիք է հայտնում. - «Յուրաքանչյուրը, զենք վերցնելուց առաջ, պետք է մտածեր, որ դիմացինը իր երեխան է։ Ի՞նչ է, ոստիկանները ժողովրդի խորթ զավա՞կն են. հետո՞ ինչ, որ ուսադիր են կրում։ Չէ՞ որ այդ ուսադիրներով իրենց, իրենց կանանց, զավակների ու մայրերի անվտանգությունն են ապահովում։ Չէ՞որ ուսադիրներով մարդիկ պատերազմի հենց առաջին օրը պատերազմի առաջին գծում էին եւ պաշտպանում էին մեր ժողովրդին։ Հիմա էդ ուսադիրներով մարդիկ հանկարծ դարձան թշնամի՞»:

«168 ժամ»-ը գրում է. - «Քոչարյանը իր իշխանության երկար եւ ձիգ տարիներին այդպես էլ չհասցրեց սիրել ժողովրդին: Եվ այսօր զրույցները նրա վերադարձի մասին ունեն որոշակի հիմք: Չմոռանանք` վերադարձի հնարավորություններից մեկն էլ այն մեծ ու ճարպոտ բիծն է, որը հեռանալուց առաջ Սերժ Սարգսյանի վրա բարեհաջող թողեց Ռոբերտ Քոչարյանը… Քոչարյանի վերադարձի համար «Բարգավաճ Հայաստան»-ի տարբերակը կարող է եւ աշխատել: Սակայն կա մի խնդիր. ունի՞ Քոչարյանը Գագիկ Ծառուկյանի հեղինակության գոնե կեսը: Դժվար… Մյուս կողմից, նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այնքան գեղեցիկ մտավ իր գործի մեջ, առայժմ որեւէ տեսանելի արդյունքի չի հասել եւ միջին հայաստանցուն բարդ ընկալելի նախադասություններով չի կարողանա պահել հասարակության վստահության այն պաշարը, որը կարողացել է կուտակել կարճ ժամանակում` այդպիսով հեշտացնելով Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորությունը: Սակայն ամենակարեւորն այստեղ Սերժ Սարգսյանի որոշումն է»:

«Իշխանության սխալ ենթադրությունն այն է, որ այդ դժգոհության արմատները սոցիալական են», - խմբագրականում գրում է «Առավոտ»-ը: - «Այստեղ, ըստ ամենայնի, գործում է խորհրդային կարծրատիպը. «մի խումբ թափթփուկներ շահարկում են մեր ժամանակավոր դժվարությունները»: Բայց այդ բացատրությունն էլ չափազանց պարզունակ է: Միանգամայն կուշտ եւ նյութապես ապահով մարդիկ էլ են դժգոհ, որ ստիպված են ամեն քայլափոխի չինովնիկներին կաշառք տալ, որ արժանանում են պետական մարմինների քամահրանքին եւ կեղեքմանը, որ իշխանության հովանավորյալների հանցագործություններն անպատիժ են մնում, որ, վերջապես, իրենց կամքը, որն արտահայտվում է քվեաթերթիկը տուփի մեջ գցելիս, ցինիկաբար արհամարհվում է: Ներկայացնել դա որպես «լեւոնականների» եւ «սերժականների» հակամարտություն, նշանակում է չհասկանալ դժգոհության բուն պատճառները: Մարդկանց, մեծ հաշվով, ո’չ Լեւոնն է պետք, ո’չ էլ Սերժը. նրանց պետք է նորմալ, արժանապատիվ կյանք»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG